Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/61

Այս էջը հաստատված է

դո՞ւն ո՞ր օր պիտի առնես:

Երեսս նայեցավ ապշած՝ կարծես ասանկ անհարկի հարցում մը ուղղելուս համար:

- Հիչ մեզի հաղորդություն[1] կուտա՞ն:

- Ինչո՞ւ չտան:

Քահանայի մը չափ գիտեր անիկա բոլոր կարգը կանոնը ասանկ բաներուն, ու քահանայե մը ավելի խստապահանջ էր ինքզինքին համար:

- Չեմ կրնար հաղորդություն առնել, քանի որ վերջը դարձյալ մեղք պիտի գործեմ, - կը բացատրեր ինծի: - Ինչո՞վ պիտի ապրիմ ես. քույրս, եղբայրս, ծեր յայաս[2] պիտի ապրեցնեմ, զղջումս սուտ զղջում մը պիտի ըլլա:

Այս պզտիկ սենյակին մեջ՝ արտասանված այս լուրջ խոսքերը ինծի մտածել կու տան:

Ամեն անոնց, կ’ըսեմ ինքնիրենս, որոնք իրենց ապրուստի բերմունքովը մեղք մը գործելու, սուտ մը խոսելու հարկին մեջ են, եթե եկեղեցին իր հաղորդությունը զլանար, ի՞նչ պիտի ըլլար ասոր վերջը, ո՞ր վաճառականը, ո՞ր խանութպանը, ո՞ր օրագրողը ու ո՞ր փաստաբանը, նույնիսկ ո՞ր եկեղեցականը հաղորդություն առնելու իրավունքը պիտի վայելեր. չէ՞ մի որ հետևյալ օրը իրենց առօրյա կյանքին պիտի վերադառնան անոնք: Ոչ ոք սակայն մտքեն անցուցած է եկեղեցվո սուրբ խորհուրդներեն այս մարդիկը զրկել:

Աղջիկը կը գրկեր, կը համբուրեր զիս անընդհատ:

- Քանի՞ տարու ես դուն, - կը հարցնե ինծի:

- Քսան տարու:

Անձնատուր իր գգվանքներուն՝ մտքովս կը շարունակեմ առարկություններուս երկար շարքը: Եկե

  1. հաղորդություն - քրիստոնեական եկեղեցու խորհուրդներից մեկը, օրհնած նշխարհ և գինի, որ իբրև Քրիստոսի մարմին և արյուն ճաշակում են հավատացյալները:
  2. յայա - (հուն.) մեծ մայր, մամիկ, տատիկ