Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/62

Այս էջը հաստատված է

ղեցին՝ իր արդի ձևին տակ իր զանազանություններուն ակներև անիրավությամբը, մարդկային քան թե երկնային հաստատություն մըն է. մարդոց բոլոր թյուր վճիռները հոն ալ կը տիրապետեն, ինչպես այլուր:

Աղջիկը վերջին համբույր մը կու տա:

- Ես ժամ պիտի երթամ, - կ’ըսե ինծի, - զատկեն վերջը եկուր, բարեկամ ենք, չէ՞: Գալուդ պես հոս զիս հարցուր:

Ու պչրանքով մը, որ մեջերնիս հաստատված համակրության օծումն էր, կը պահանջե.

- Ուրիշի հետ չպիտի տեսնվիս, խոսք տուր:

Խոսք կու տամ, քսան տարու երիտասարդի խոսքս:

Անկե վերջը տարիի մը չափ սիրեցինք իրար:

Անուս, ռամիկ, բայց սրտի տեր աղջիկ մըն էր. իր սիրողներուն թիվը չկար. ամեն ազգե, տարիքե ու դասակարգե մարդիկ մոլորած՝ կու գային հոս. ալևորածները, ինչպես հազիվ պեխերը բուսած տղաքը, կու գային ամենքը իր սիրովը հափշտակված:

Բայց մանավանդ ստորին դասե մարդոց մեջ իր անունը, իր գեղեցկությունը նախճիրներ[1] կը գործեր:

Պատճառը այն էր գուցե, որ այս տարօրինակ աղջիկը ուղղամտություն մը ուներ իր վաճառիկ սիրույն մեջն ալ:

Իմ դեմս, երբոր քիչ մը ավելի մտերմացանք, իր տգիտությանը վրա կ’ամչնար, բայց երբե՛ք իր վիճակին համար: Անհուն խնամքով ու գորովով մը իր պզտիկ քրոջ ու եղբորը վրա կը շարունակեր հսկել հեռվեն, ծախելով շարունակ իր մարմնին ճոխությունները, առանց զոհողություն մը ըրած ըլլալու գաղափարը մտքեն մազի չափ անցընելու:

  1. նախճիր - կոտորած, արյունհեղություն