Էջ:Grigor Zohrap, Novellas (Գրիգոր Զոհրապ, Նովելներ).djvu/63

Այս էջը հաստատված է
Դ.

Բազմություն մը աղտոտ ու ստորին մարդոց կը խռնվեր դրանը առջև. գողեր, մարդասպաններ կային անոնց մեջ. ամենքը կը հրմշտկեին իրար, առաջ անցնելու ջանքով մը, կը լեցվեին իրարու վրա՝ հետաքրքիր: Հետո ոստիկաններ եկան թուղթ ու կաղամար[1] ձեռքերնին, կատարված ոճիրը արձանագրելու համար:

Քովիններուս հարցուցի այս հավաքումին պատճառը:

- Աղջիկ մը զարկին սա տան մեջ, - ըսին ինծի:

Նախազգացումս, որ բնավ չի խաբեր, զիս դող հանեց. միջոց մը գտա ճեղքելու այս մարդերե ձևացած պատնեշը: Վեր վազեցի իսկույն, մեր չորրորդ հարկի պզտիկ խուցը. տնեցիները հոն հավաքվեր էին. բժիշկ մը վերջին պահուն եկած, անկողնին վրա ծռած էր:

Հոդ, այդ անկողնին վրա տարածված տեսա զինքը վերջին անգամ: Իր սովորության հակառակ ամբողջ ճերմակներ հագած էր, ձյունաթույր ու շլացուցիչ. ու միայն լանջքին վրա, ձախ կողմը շապիկը կարմրած էր պզտիկ բոլորակով մը. այդ անբծության վրա բացված վարդի մը պես:

Զիս տեսնելուն, ժպիտ մը դժվարավ գծագրվեցավ իր դեմքին վրա: Բժիշկը անհույս վճռեց անոր վիճակը: Ինքը հաղորդություն առնելու անհուն փափագ հայտնեց ու մեկ երկու հոգի իսկույն եկեղեցի վազեցին, բայց տերտերը մերժեց գալ:

Հետո մահը վրա հասավ. դանդաղ, հանդիսավոր ու մռայլ բանը, վերարկուն՝ ուր նախախնամությունը հոգածու ձեռքով փաթթեց բոլորեց այս աղջիկը, որուն՝ մարդոց ճղճիմ հաշիվները ու սխալ դատաստանը ամեն սփոփանք զլացեր էին աստուծո անունով:

  1. կաղամար - (արևմտ.) թանաքաման