Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/100

Այս էջը սրբագրված է

— Չհամոզվեցավ։

— Որչափ ձայն ունեիր նե պոռայիր ու դիմացինիդ ձայնը խղդեիը, իբր այն՝ թե իրավունքը հզորագույն ձայն ունեցողին է։

— Անոր ձայնն իմինես բարձր կելլա կոր։

— Փաստաբանական մեծ սխալ մը գործեր եք, առանց դիմացինիդ ձայնը նախապես գիտնալու հետը դատ վարել սկսելնուդ համար։

— Հիմա ի՞նչ ընել պետք Է։

— Հիմա, շողոքորթություն ընելով դիմացինիդ սիրտը վաստկելու և մեջերնիդ համաձայնելու ճամբան գտնելու ես. դատաստանին հոգնություններն, ծախսերն ու ձանձրություններն իրեն նկարագրելու ես. ինչո՛ւ համար իրարու թշնամի ըլլանք և եղբայրաբար գործերնիս չլմնցն ենք ըսելով՝ զինքը շոյելու ես. մեզի կը վայլե՞, որ դատարաններու մեջ իրարու գլուխ պատռենք, տեսնողն ի՜նչ կըսե ըսելով՛ ամչընելու ես և այսպիսով աշխատելու ես քու կողմիդ վնասը թեթևցունել։

Դուռը կը բացվի, դատին տերը եղող տիկինը ներս կը մտնե։

— Ի՞նչ ըրիք, Էֆենտինե՛ր, գործեն հույս մը կա՞։

— Այո՛, տի՛կին, որոշեցինք, որ ձեր թշնամիին հետ հաշտվիք ու մեջերնիդ կարգադրեր գործերնիդ։

— Ատանկ ըլլալեն վերջը անիկա ես ալ կրնայի ընել, փաստաբանին ինչո՞ւ համար այսչափ ստակ տվինք։

— Որպեսզի դատն ըստ օրինի փաստաբանվի։ Մնաք բարով, տիկին, փաստաբան մը երկար չկրնար, խոսիլ. բարև, ապացույց, հերքում, վիզիթան, մնաք բարով։

— Մյուսյուին վիզիթան տվեք, տի՛կին։

— Հրամմեցե՛ք։

— Շնորհակալ եմ։

— Ինձի ալ հրաման տվեք երթալու։

— Երթաք բարով։

— Վաղը կաշխատիմ դիմացի կողմին փաստաբանը հոս բերել ու համաձայնություն գոյացնել, վաղը սեղան պատրաստեցեք, որ գալու ըլլանք նե քիչ մը բան ուտենք, որովհետև ապացույցներն ու փաստերն անոթի փորանց չեն գտնվիր։ Փաստաբանությունը փորի վրա հիմնված է, երբ փորը լեցուն Է, ապացույցներն զորավոր են և օրինավոր, երբ փորը պարապ է, ապացույցներն տկար են և ապօրեն։

— Երթաք բարով։