Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/102

Այս էջը սրբագրված է

Ե՞րբ ծովուն մեկ ալիքն այսպես խաբեբայություն ըրած է, ե՞րբ կրակին մեկ կայծը ասանկ մարդուս խելքն առեր է։

Քանի մը քայլ կառնես... բայց, կանգ առնենք ու խորհինք, որ երբ կնիկ մը այսչափ չարիք կրնա հասցունել նե արդյոք ասոնց ամենքը միանան ու մեկտեղ գործելու սկսին նե ինչեր չեն կրնար ընել։ Կնիկ մը գեղեցիկ սեռին ծովուն մեկ ալիքը կը համարվի և տես, որ այս ծովուն մեկ ալիքը մյուս ծովերուն ամբողջ տարածությանը չափ վնասներ կը գործե. վա՜յ այն ճամբորդին, որ ասանկ ծովու վրա կը ճամբորդե... բացառությունները չմոռնանք։

Ինչո՞ւ ուրեմն աչվընուս առջև ամեն օր պատահած այս կորուստներուն դեմ ապահովության ընկերություն մը չկա։ Գիտե՞ք ինչու համար չկա, որովհետև ասանկ ընկերություն մը հաստատվի նե շաբաթ մը չանցնիր կը սնանկանա, ինչու որ ամեն օր ահագին գումարներ վնաս պիտի տա ապահովյալներուն. և միթե՞ այս չապացուցաներ՝ թե կանայք—բացառությունները չմոռնանք—ծովեն և հրդեհեն այնչափ ավելի վնասներ կուտան, որ մարդ չհամարձակիր այդ վնասներուն դեմ ապահովության ընկերություն հաստատել։

Այս ճշմարտությունները հայտնելիս ետքը պարտք կը համարինք ծանուցանել, որ այս հոդվածը գրելնուս շարժառիթ եղած են մեզի տրված հետևյալ լուրերը, որք օրվան մեջ տեղի ունեցած են։

Անցյալ շաբթու պարոն Կ...ին սրտին մեջ կրակ պատահելով մեկ երկու ժամ այցելեն վերջը մարեցավ, ետքեն երեսը քիչ մը ջուր սրսկելով սթափեցավ։

Երեկ սիրո ծովուն մեջ ամուսնության նավ մը ալեկոծության բռնվելով ընկղմեցավ, հայրն ու զավակները խեղճ վիճակի մեջ թողլով։

Երեկ չէ առջի օրը երիտասարդին մեկը լվացվելու համար շռայլության ովկիանոսը երթալով՝ լվացված միջոցին խեղդվեցավ։ Ծնողքը թշվառ վիճակի մեջ են։

Քանի մը օր առաջ աղջկան մեկը սիրո բոցերուն մեջ մնալով իր ծանոթներեն մին հազիվ կրցավ զայն խալսելով ծնողացը հանձնել։ Աղջկան առողջության վիճակը աղեկ չէ։

... թաղին մեջ պճնասիրության կայծ մը իյնալով քանի մը տուներ հրո ճարակ եղան, և այլն, և այլն, և այլն։

Եվ միթե ծովն ու կրակն ամեն օր այսչափ վնաս կը հասցնե՞ն, պատասխանն՝ ինձի, ո՜վ Նորթհ Պրիթիշ էնտ Մերքնթայլ¹...