Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/107

Այս էջը սրբագրված է

Ոսկի․ Ճարտասանության դասատու։

Օղի. Վարպետ խոստովանահայր։

Փեղկ. Պատուհաններու արտևանունքը։

Քավարան. Մեռելոց քարանթինան:


ԳՈՂՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԼՐԱԳՐԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԻ ՎՐԱ

Ինչպես որ դրամային նեղ վիճակի մեջ գողություններ կը պատահին, այնպես ալ մտային նեղ վիճակի մեջ խմբագիրներեն շատերը գողության կելնեն։ Այսօրվան օրս լրագրական հրապարակին գողերն ավելի բազմաթիվ են մյուս գողերեն, և եթե զանոնք ձերբակալել հարկ ըլլա լրագրական ասպարեզին վրա հազիվ մեկ երկու խմբագիր կը մնա։

Ուրիշի մը մտքի ծնունդն իրեն սեպհականելը լռելյայն իր անկարողությունն խոստովանիլ ըսել Է. ուստի և անկարողներն են, որ միշտ գողությամբ կզբաղին, թեպետև ավելի աղեկ կընեին իրենց անկարողությունն զգալեն ետքը ետ քաշվին։

Ասոնցմե մին, այս շաբթու Թատրոնին կը հարցնե, թե՝ ով է այն, որ գաղիերեն շարիվարի թերթերեն բան կը գողնա, այդ գողցողներուն անուններն մի առ մի դնելը շատ երկար ու ձանձրանայի կըլլա. եթե մեզի հարցվեր, թե ով Է այն թերթն, որ բան գողցրնել կուտա միշտ, ամենայն խոնարհությամբ պիտի ըսեինք, թե քանի մը տարի աոաջ Մեղուն էր, իսկ հիմա Թատրոն, որոնցմե գողցած են ո՛չ միայն ազգային զավեշտական թերթերն, այլ նաև, ի փառս հայ երգիծանության, մայրաքաղաքիս տաճկերեն ու ֆրանսերեն լեզվով հրատարակյալ զավեշտական թերթերն ալ։

Մենք, երբ որ օտար զավեշտական թերթե մը բան մր առնենք, անոր տակը գող կամ թարգմանիչ բառը կը դնենք, ինչպես որ երբեմն ալ վրան Փոխառություն կը դնենք, հասկցնելու համար, որ ատոնք մերը չեն։ Ինչու՞ ուրեմն զավեշտական մյուս թերթերն պես չեն ըներ։ Հրատարակվելու վրա գտնվող զավեշտական թերթ մը դեռ անցյալ չորեքշաբթի ավուր թերթին մեջ Մեղուի ասկից առաջ գրած «Լրագրական կերակուր»¹ անուն հոդվածը քիչ մը փոխելով երկրորդ տպագրությամբ ի լույս հանած էր. և նույն հոդվածին տակն, առանց փոփոխություն ընելու, օրինակած էր Մեղուի մեջ հրատարակված մեկ խոսակցությունն՝ որ ողջկան մը սենյակե մը դուրս ելած միջոցին երեսներուն կարմրած ըլլալը կը հայտներ։