Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/109

Այս էջը սրբագրված է

է, ամեն մարդ ուզած կերպով զվարճանալու արտոնություն առած է սովորութենեն։

Կեցցե՛ սովորություն։

— Գիտե՞ք այս սովորությունն ինչի կը նմանի։

— ․․․․․

Պատասխան չեք տար. կեցեք ուրեմն ես ըսեմ։

Uովորությունը պտուղի կը նմանի, աղեկները կ՝ուտեն գեշերը կը նետեն։ Մարդիկ այն սովորություններն միայն կը պահեն որոնք խմել, պարել, երգել ու պոռալ կը պահանջեն, իսկ մեկդի կը նետեն այն սովորություններն որք ուրիշի բարիք ընել, հիվանդտես երթալ, բարեկամը տեսնելու երթալ և այլն կը պահանջեն: Մարդիկ միայն խնդումի և անհոգության առաջնորդող սովորությունները կը պատվեն, իսկ պարտավորություննին կատարել հրամայել սովորություններն ականջի ետև կը նետեն։ Օրինակի համար առնելիքնիս երթալ ուզելը սովորություն է, ինչպես որ պարտք վճարելն ալ սովորության դեմ չէ. առաջինը ամենքնիս ալ կը հարգենք, իսկ պարտք վճարելու սովորությունը հարգող քանի՞ մարդ կրնանք գտնալ։

Ասկից կը հետևի որ... կը հետևի որ... կը հետևի որ... մոռցա, ընթերցո՛ղ, բան մը պիտի հետևցունեինք ասկից, ի՞նչ էր. — հա՛, սա պիտի հետևցունեինք, որ մարդիկ սիրով կ՝ընդունին այն սովորություններն, որ իրենց շահ մը կամ զվարճություն մը կը խոստանան, և հալածական կը վանեն զանոնք, որ իրենց շահ կամ զվարճություն մը չեն տար։ Ասկից կը հետևի, թե մարդիկ ինքզինքնին շահու և զվարճության տված են, թե մարդիկ շահամոլ և զվարճամոլ եղած են։ Եթե բարեկենդանի մեջ սովորություն եղած ըլլար աղքատաց ողորմություն տալ, աղքատ հիվանդներու բժիշկ ղրկել, ցուրտեն դողացող տնանկ մանուկներուն պատուհաններուն ապակի մը անցունել և քանի մը օխտ ածուխ տալ, այն ատեն ո՞ւր բարեկենդան կը տեսնայինք, մյուս օգտակար սովորություններուն պես աս ալ կը վերանար, և կ՝երթար, ինչպես որ կըսեն խմբագիրներն նոր տարվույն առթիվ, անցելույն անդունդներուն մեջ խորասուգվիլ, թաղվիլ ու մնալ...։ Խեղճ մահկանացուը, պարեցեք, երգեցեք, ոչ միայն բարեկենդանի օրերն, այլ ամեն օր, ամեն ժամ, եթե հնար ըլլա՝ ամեն րոպե, իմ ուզածն ալ ան Է, հիմար Է ան, որ ապագա պատրաստելու մոլությամբ իր ներկայն ու ինքզինքն կսպառե. զվարճացե՛ք, բայց մյուս սովորություններն ալ հարգեցեք․