Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/119

Այս էջը սրբագրված է

Ֆրանսերեն տաճկերենի ըրած թարգմանություններդ նմանը չունին. Լևընթ Հերըլտ ծաղկյա պսակ մը պատրաստած է քեզի մար, գնա՛, ա՛ռ։

Առ տիկին Ս. — Ըրած ակնարկությանս վրա բարկանալով դող ես ելեր ու հիվնդցեր ես։ Այս լուրին վրա շատ ցավեցա, անոր համար, որ բարոյական հիվանդությունդ բժշկել ուզած ատենս, նյութապես հիվանդությանդ պատճառ եղա։

Տիկին, շատ աղվոր ես, սիրուն ես, գեղեցիկ ես, շատ աղեկ կը քալես, շատ աղեկ կը նստիս, շատ աղեկ կը պառկիս, շատ աղեկ կը խոսիս, շատ աղեկ կը վարվիս, քեզի պես կնիկ մը հազվագյուտ է։ Ա՜լ մեկդի նետե բժշկին տված դեղերը, որովհետև չեմ կարծեր, որ իմ այս վերջին խոսքերես ավելի օգուտ ընեն քեզի։

Առ տիկին Բ. — Աղջկանդ ուրիշի մը հետ ամուսնությանը վրա գրելիքս չկարծես թե մոռցա, կը մտմտամ կոր, որ արդյոք պատվավոր կրնա՞ համարվիլ այն անձը, որ պիտի զիջանի աղջկանդ հետ ամուսնանալու։

Այս խնդիրը լուծելուս պես, կարծիքս պիտի հայտնեմ։

Առ. օրիորդ. Թ. — Կը խնդրեմ, որ պատուհանիդ առջևեն անցած ատենս երեսս չխնդաս և աչքս չբանաս։

Առ պարոն Մ. — Առջի օրը Գ-ի տունեն ալպոմի մեջեն գողցած պատկերդ տիրոջը դարձուր։


Առ պարոն Տ. — Ապրի՞ս, հազարներով ոսկի ժառանգ ուտելեն ետքը, այդ ոսկիներն ալ քոնսոլիտ մեջ ուտելեն ետքը այսօր ելնես դատարանի մը մեջ անպատիվ կնկան մը պաշտպանություն ընես... Ասանկ բան մը չէր հուսացվեր քեզմե. ինչու՞դ պետք քուկին, որ Պեյուք տերեի շոգենավով վար իջնաս միմիայն այս գործին համար, և առտվնե մինչև իրիկուն աշխատիս, բերանդ հոգնեցունես. մեղք է ձայնիդ։ Տավուլի ձայնը ես լսել կ՝ուզեմ, բայց երգի մեջ և ոչ թե փաստաբանության խոսքերուն մեջ։ Խնայե ձայնիդ, և մի ստիպեր զիս այդ ձայնով խաղեր կանչելու Թատրոնին մեջ։

Առ օրիորդ Ա. Լ. — Կանանց բառարանը այնչափ աղեկ գիտցող մեր պարոն Դետին³ անցյալ օր պաղ ըսելնուդ համար ձեզի դեմ սաստիկ բողոքելեն ետքը, կը խնդրեմ ձեզմե, որ այդ պաղ նշանակութենեն ուրիշ աղեկ նշանակություն չունեցող այդ բառը մեկ մալ չըսեք իրեն, որովհետև եթե կատակի համար ըսված է՝ պաղ