Առ արժանապատիվ Տ. Գ. — Տե՛ր հայր, իրավունք ունիք, երբ կըսեք, թե մեկ կյանքեն մյուս կյանքը դերեզմանի ճամբով միայն կերթվի. սակայն գործին մեջ բավական դյուրություն չէ՞ր մտներ, եթե ճամբու ծախքին կարգադրությունը մյուս կյանքին մեջ տեղի ունենար։
⁂
Առ օրիորդ Աֆ. — Կուրախանաք... ես ձեզի քանի անգամ չըսի՞, որ կանուխ ելլողը խըսմեթը կը գտնե։
⁂
Առ պարոն Ն. — Դու ալ «հավասարս ես» ըսե, գործդ նայե՛։
⁂
Առ պարոն Հ. Մ․ — Սիրո մեջ խաղաղություն և խաղաղության մեջ սեր կուզեք. մեր կլիմային ներքև ատանկ բան չկա։ Եթե կուզեք ուղեվորեցեք դեպի Խաղաղական ովկիանոս։
⁂
Առ օրիորդ Ա. — Այդ առաջարկությունդ քոնֆեռանսեն հետո կրնամ ընդունիլ, վասնզի գիտես, որ ես ալ արևելքի քրիստոնյա մեմ, հյուսիսի քրիստոնյա չեմ, օրհնյալ է Աստված։
⁂
Առ տիկին Ն. — Անիծյալ ըլլամ, տիկին, եթե անգամ մալ սեղանեդ հաց ուտեմ. հելվան զգալով տվիք, կոթովը աչք հանեցիք։
⁂
Առ օրիորդ Օ. — Պատուհանեն մեյ մալ ակռաներդ մի՜ ցցուներ, այսինքն մի՛ խնդար, վերջը անունդ կելլե։
⁂
Առ պարոն Ք. — Խնդա՛, խնդա՛ ու մարդու բան մ՝ըսեր, նորեն պիտի կարգվիս եղեր։
⁂
Առ տիկին Ա. — Կարգվեցաք ու դարձյալ խելքերնիդ գլուխնիդ չեկավ, չըսեք, դուք գերդաստանով այդպես եք։
⁂
Առ պարոն Հ. — Դուն գործ չունիս նե անոր ասոր օղի և իշկեմպե չորպասի հրամցուր, ի՛նչ որ ես. ան ես։
⁂
Առ օրիորդ Ա. — Չաղաչեմ, քիչ մը քաղաքավարություն սորվեցե՛ք, ձեզի համար կ՝ըսեմ։