Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/132

Այս էջը սրբագրված է

Առ տիկին Բ. — Մինչև որ աղջիկդ իր ամուսնույն չտաս, պատվավոր գործ մը ըրած չպիտի ըլլաս։

Առ պարոն Տ. — Նոր զգեստ շինել տալուդ հին պարտքերդ վճարեիր։

Առ. Նոր Դար. — Արքունի ծովարան կըսես կերթաս. ո՞ւր է այս ծովարանը և օրը քանի՞ ծով կը շինվի կոր։

Առ պարոն Մ. — Կաղաչեմ, սքամպիլ խաղացած ատենդ քովդ նստող օրիորդին թուղթերուն մի նայիր։

Առ օրիորդ Հ. — Դուն ալ ընկերության մեջ նստած ատենդ տղա մը գիրկդ առնելով շատ մի՛ սիրեր, և մի՛ ուղղեր անոր անանկ խոսքեր՝ որոնք ավելի երիտասարդներու կուղղվին քան թե տղայոց։

Առ պարոն Թ. — Պարո՛ն, բաչաներդ կապե՛։

Առ տիկին Շ. — Առանց հրամանի դուրս ելլալուդ համար ամուսինեդ ծեծ կերեր ես. շատ ուրախացա. որովհետև կնիկներեն ոմանք իրենց էրիկը խաբու մանտալիի տեղ դրեր են։

Առ պարոն Արգոս. — Ատ ի՞նչ է, եղբա՜յր, երեսներդ մեր հացագործին չեթելեին դարձուցած ես. արդյոք հացագործդ տունդ բերած հացերը երեսիդ վրա՞ կը գծե։ Կամ սափրիչի մը գնա՛, ածիլվե՛, կամ ածելիներդ սրե՜։

Առ պարոն Մսավաճառ. — Վիրաբույժ ըլլալու փափագ ունիս եղեր, կը շնորհավորեմ փափագդ և կարծեմ, որ ինքզինքնին վիրաբույժ անվանող քանի մը մարդասպաններեն ավելի կը հաջողիս։


Օրիորդ Մ. Ա․ — Ինչո՞ւ բարկացար, օրիորդ, այնչափ ճերմակ քսվողը չքսված ժամանակ մարդու երևնալու չէ, որպեսզի ես ալ չխաբվեի և անցած օր խահվե բերած ժամանակդ զքեզ չճանչնալով՝ մորդ չհարցունեի՝ թե աղջիկդ ո՜ւր է։ Աղեկ գիտես, որ դուն ալ կարմրեցար, ես ալ, բայց հանցանքը քուկդ է, որ խահվեն ճերմակ երեսով բերելու տեղ սև երեսով բերիր։

Տիկին Գ. Բ. — Ամոթ է, տիկի՜ն, ամոթ, կոկոզ ընել ու բորթուքալնիեն բորթուքալները մեկիկ մեկիկ բեշիդ տակը կրելը ձեզի չվայլեցուցի, ինչո՞ւ ոտքի վրա չելար, մարդուն ըսածին պես բորթուքալի կոյոշկա՞ նստեցար։

Պարոն Ա. Ժ․ — Հասկցանք, մյուսյու, հասկցանք, բիանո ունիս, աս ամեն գիշեր է թաղեցին կը գանգատի կոր. ամեն մարդուն ցավը իրեն կ՝օգտե, դուն ալ գլուխ մի՛ ուռեցներ։