Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/140

Այս էջը սրբագրված է

ԵՐԻՏԱՍԱՐԴԻ ՄԸ ԲԱԽՏԸ

Դուն ինքզինքդ շատ բարձր մեկը կը կարծես, կարծիքդ սխալ է։ Բոլոր գործդ ձգած առտվնե մինչև իրիկուն մարդ կը փնտրես, որ ինքզինքդ անոնց գովես։ Այս բնավորությանդ պատճառավ ամեն մարդ վրադ կը խնդա։ Դուն ոչ ինքզինքդ կը ճանչնաս և ոչ դիմացինդ. ուրիշներու հետ իբրև քու սպասավորդ կը վարվիս։ Բաղաքավարության մասին շատ տկար ես, այնչափ տկար, որ անքաղաքավարության դասատու մը կրնաս ըլլալ։ Եթե այս ընթացքդ չփոխես շատ թշվառ պիտի ըլլաս, ամենևին գործ մը չպիտի կրնաս գտնալ և շատ հավանական է, որ հիմակվան Մենտորեդ ալ վռնտվիս։ Գրեթե բնավ բարեկամ չունիս, շատ թշնամիներ ունիս, որոնք կուզեն օր մը զքեզ ծեծել, զգուշացիր, գիշերները դուրս մի՛ հեներ։ Քունը շատ կը սիրես, այնպես որ քալած ատենդ ալ կը քնանաս։ Քանի մը դատեր ունիս, զորոնք պիտի կորսնցնես, ինչպես որ մինչև հիմա դատ մը վաստկած չունիս։ Եթե այս վարքդ շտկես փառավոր ապագա մը պիտի ունենաս։ Քսանը ութը զավկի տեր պիտի ըլլաս, որմեց վեցը պիտի մեռնին։ Դուն ալ վաթսուն տարվան պիտի մեռնիս օր մը նստած տեղդ։ Աշխատե բարի և կրթյալ ըլլալու։


ԲԺՇԿԻ ՄԸ ԲԱԽՏԸ

Անառա՛կ, դուն միայն անունով բժիշկ ես և կնիկներ ու աղջիկներ սիրելեն զատ բան մը չունիս, իբր թե սիրահարությունը բժշկությունըլլար։ Դուն խելքի կողմեն ալ պակաս ես. ասկից քանի մը տարիներ առաջ շատ մը խոստումներով Պոլսեն երիտասարդ մը բերել տվիր Բարիզ, որ իրեն պիտի օգնեիր ու խեղճին բժշկություն պիտի սորվեցնեիր, խեղճը հոն գալուն պես ձեռքեն բռնեցիր պախալներու խանութները պտըտցնելով, իրեն պախալություն սորվեցնել ուզեցիր, բայց ասոր մեջ ալ չհաջողելով՝ խեղճ տղան երեսի վրա ձգեցիր, որն որ ասկից անկից ստակ մուրալով կրցավ Պոլիս դառնալ։ Ո՛չ ըրածդ գիտես, ո՛չ ալ ընելիքդ, առաջուց քիչ մը հիվանդ ունեիր, հիմա ամենևին հիվանդ չունիս. քանի մը ամիսեն հիմարանոց պիտի երթաս։ Մեկ երկու պատվավոր ընտանիք քեզի դեմ դատ պիտի բանան ու խայտառակ պիտի ընեն զքեզ։ Քունը շատ չես սիրեր, գիշերները սիրահարությամբ կ՝անցունես, մտքեդ կանցնի, որ հարյուր կնիկ առնես և հազար զավկի