Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/146

Այս էջը սրբագրված է

մեծն են. անոնք չէի՞ն, որ ասկե ութը օր առաջ լուր տվին, թե այսօր կամ վաղը սահմանադրություն պիտի հրատարակվի¹։

— Չհրատարակվեցա՞վ մի յա։

— Ես չիմացա։

— Ի՞նչ կըսես, լրագիր մը առջի օրը հայ ազդեն քանտիտա անգամ ներկայացուց։

— Ինքը ժողով մը շինած և ատոր համար ներկայացուցած ըլլալու է ես բան մ՝ալ չիմացա։ Այդ լրագիրները չէի՞ն, որ ըսին, թե ինչպես Լրագիր գուշակած էր, գանձը երեսուն միլիոն ոսկի պիտի երթա և վերջեն չորսի իջեցուցին։

— Ըսել ե, որ սահմանադրություն հրատարակված չէ դեռ։

— Ո՛չ։

— Բայց չկրնա՞ր ըլլալ, որ օր մը հրատարակվի։

— Ատիկա երթալու Լրագրին հարցնելու է, անիկա ամեն բան կը գուշակե կոր։ Լրագիրները ի՞նչ կըսեն կոր։

— Ամեն մեկը մեյ մեկ բան կըսե կոր. մեկը կըսե, որ ժամանակը եկավ, սահմանադրությունը հրատարակելու է ուրիշ մը կըսե՝ թե չաճապարենք, ժամանակը դեռ եկած չէ. ուրիշ մալ կըսե՝ թե ժամանակը ոչ եկած է, ոչ եկած չէ, այլ կես ճամբան է. չորրորդ մալ կըսե՝ թե մենլիսի ումմեթը² ի՞նչ պիտի ընենք, եթե տերությունը զբաղեցնելու համար է արդեն ունեցած մեճլիսներնիս անգամ շատ կուգա կոր, ուրիշ մը կըսե՝ թե արդի մեճլիսները քիչ են, դեռ շատ մեճլիսներ ունենալու ենք. ուրիշ մալ կը հարցնե, որ աս մեճլիսի ումմեթը ուտվելու բա՞ն է, թե խմվելու. էնտազեյո՞վ կը ծախվի՝ թե քանթարով. ինչ գիտնամ, ամեն գլխեն մեկ ձայն կելլա կոր։

— Խեղճ հասարակաց կարծիքն այս լրագիրներուն ձեռքեն ի՞նչ կը քաշե կոր։ Ես այս լրագիրներուն ոչ կարծիքն կընդունիմ, ոչ ալ լուրին կը հավատամ:

— Ըսել է որ Թայմզին³ ալ չես հավատար։

— Չեմ հավատար։

— Չես հավատար, բայց անգղիացիները ուրիշներու պես շաբաթն անգամ մը բոլիթիք չեն փոխեր, ըսածնուն վրա հաստատ կեցող մարդիկ են։

— Մինչև որ անգղիական ոսկիներուն հոս թափվիլը չտեսնամ՝ չեմ հավատար։

— Տեսնենք որերնուս հավատքը ուղիղ պիտի ելնե։