Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/153

Այս էջը սրբագրված է

— Սրվանձտյանին անունն ալ չգրես ա՛. — Խե՞նդ եմ որ գրեմ, պատասխանեք մյուսը։

— Հոս ալ խնդալու բան չկա։

— Ձերինը դնե՞մ, հարցուր նոր եկողը. — Մերինը ո՞վ է.— Հյունքյարպեյենտյանը. — Աստված չընե. ատիկա չըլլար։

— Հոս ալ խնդալու բան չկա։

— Բայց և այնպես այս անձինք ընտրելյաց ցուցակին մեք գտնվելու էին։

— Հոս ալ խնդալու բան չկա։

— Խնդալու բան չկա նե՝ մնաք բարով։

— Հոս ալ խնդալու բան չկա։

— Ե՞րբ խնդալու բան կ՝ըլլար։

— Այն ատեն խնդալու բան կըլլար, երբ ան երկու վարդապետներն քու հիշած կրոնավորներն ընտրելի առաջարկեին։


ՊԱՐՏԱՏԵՐ ՄԸ ԽԱՂՑՆԵԼՈՒ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Մեր բարեկամներեն մին՝ որ շատ պարտքեր ունենալու պատիվն ունի, և ամեն փողոցը դառնալուն պարտատերի մը հանդիպելու բախտն ունի, պարտք ունեցողներուն ծառայություն մը ընելու համար հետևյալ դյուրին միջոցները հաղորդած է մեզ խընդրելով, որ հրատարակենք զանոնք։

Ա. Երբ պարտատերդ առաջին անգամ կուգա ստակն ուզելու կը պատասխանես իրեն, թե գալ շաբթու, չորեքշաբթի օրը գա ու ստակն առնե։

Բ. Երբ չորեքշաբթի օրը գա ստակն ուզելու, սենյակեն ներս մտնելուն պես զինքը կը դիմավորես, սուրճ մը կը հրամցնես, և վերջը կըսես. ներեցեք, ձեզի մինչև հոս բերելու ձանձրություն տված ըլլալուս համար, այսօր քանի մր տեղերե ստակ պիտի գար, անոր կսպասեմ կոր. եթե գործ ունիք, գացեք, ստակ բերեն նե՝ կամ ես կը բերեմ, կամ մեկուն հետ կը ղրկեմ։

Գ. Երբ երրորդ օրը նորեն գա ստակն ուզելու, զարմացմամբ մը իրեն կըսես, տղան չբերա՞վ ձեզի, ա՛յ թշվառական, կարծեմ սխալմամբ ուրիշ տեղ տարած է. հոգ մընեք, ես գործը կը հասկնամ ու ստակը ձեզի կուտամ։ Վաղը անգամ մը հանդիպեցեք հոս։