Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/16

Այս էջը սրբագրված է

ԴՐԱՄԱԿԱՆ ՊՏՈԻՅՏ ՄԸ

Ին՜չ իրարանցում... գոռում գոչում է աս..․ Ղալաթիո հրապարակը տակն ու վրա կըլլա կոր... մեկը դեպի աջ կը վազե, մյուսը դեպի ձախ, ուրիշ մը կելնե, ուրիշ մը վար կիջնա, ուրիշ մալ ո՞չ վեր կելնե, ոչ վար կիջնա. ասդիեն կը պոռան, անդիեն կը հրեն մյուս կողմեն ճամբուս վրա ինչո՞ւ կայներ ես, ըսելով՝ գլխուդ փատ մը կիջեցնեն. ուրիշ մը քովեդ անցած ժամանակ երեսիդ ապտակ մը կը զարնե. ամենն ալ բարկացած են¹։ Եթե կուզես հարցուր՝ թե ի՞նչ կա. ինչո՞ւ բարկացեր ես.— Էյ, ավանակ, հիմա նստելու երկու ժամ քեզի հասկցնելո՞ւ է, չե՞ս տեսնար կոր, կիյնան կոր,— Չեմ տեսնար կոր, ով կիյնա կոր։ Աս պատասխանիդ վրա մարդը բոլորովին կրակ կը կարի և բոլոր ձայնովը կսկսի ականջդ ի վար պոռալ.— Արժեթուղթերը կիյնան կոր, իշու կտոր, հասկցա՞ր։ Ահավասիկ, ընթերցող Ղալաթիայեն լուր իմանալու եղանակը։

Քոնսոլիտը կիյնա կոր նե այսչափ իրար անցնելու ի՞նչ կա, կիյնա կոր նե վերցուցե՞ր, բայց ի՞նչպես վերցունեն, քիչ մը բարձրանալուն պես՝ նորեն իրար կանցնին, իրարու գլուխ կը պատռեն։ Քոնսոլիտն ալ ասոնց ձեռքեն շվարեցավ, մնաց, ելլա՞, իյնա՞, ի՞նչ ընե, ան ալ չգիտեր. Աստված թշնամիս աս Ղալաթիացոց ձեռքը տա, մարդս ապուշի կը դարձունեն, թեպետև քոնսոլիտն ալ անոնց չափը կը ճանչցունե կոր։

Երանի անոնց, որ քոնսոլիտ չունին, որովհետև այս մտատանջություններեն ազատ են, երանի անոնց, որ շմենտըֆերի արժեթուղթն ալ չունին², որովհետև գիշերվան քուներնին հանգիստ չպիտի քնանային, երանի անոնց, որ ստակ չունին և ունեցողներուն ասանկ չտրչարվիլը տեսնելով ուխտ կընեն բնավ ստակի տեր չըլալու։

Չքավորությունը աշխարհիս ստեղծում են ի վեր ունի յուր երջանկությունն երբ. ինչո՞ւ հեռուն երթանք. եթե չքավորությունը գեշ բան մը ըլլար ժողովրդյան մեծ մասը անոր չէր հարեր։ Քանի որ չքավորությունը մեծամասնություն կազմած է, ըսել կըլլա, թե մարդուս համար ամենեն հանգիստ վիճակ մէ։

Որո՞ւ պիտի հասկցնես այս ճշմարտությունը, ո՞վ մտիկ կընե. ամեն մարդ իր խելքին հավնածը կընե։

Ինչո՞ւ համար ապուշի պես ստակի տեր ըլլամ, խենդի պես