Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/164

Այս էջը սրբագրված է

ԿԱՄԱՎՈՐԸ ՈԻ ԹԻՖԹԻԿԸ

— Տը տը տը տը տը տը տը տը...

— Ինչ կըլլաս կոր Խիկար, ատ ի՞նչ եղեր ես, շապիկդ ո՞ւր է։

— Տը տը տը տը տը տը...

— Պատասխան չտա՛ս, բաղնի՞քը մոռցար շապիկդ։

— Չէ՛, չէ՛... տը տը տը.․․

— Ո՞ւր ձգեցիր ուրեմն։

— Տեղ մ՝ալ չձգեցի, տը տը տը...

— Ի՞նչ եղավ ուրեմն շապիկդ։

— Բռնությամբ վրայես քաշեցին հանեցին, առին գացին, տը տը տը...

— Չերքեզնե՞րը առին։

— Չէ՛, տը տը տը...

— Ո՞վ առավ։

— Տի տի տի կին մը... տը... տը... տը...

— Շապիկդ ձևավոր էր նե՝ թերևս վրան շապիկ ձևելու համար առած ըլլան։

— Չէ՛։

— Ի՞նչ ընելու համար առավ ուրեմն։

— Թիֆթիկ պիտի շինե եղեր, ու տիկիններուն քոմիթեն պիտի ղրկե եղեր, տը տը տը...

— Տիկիններուն քոմիթեն ո՞րն է, սա անցեալները Ասիո սովյալներու համար տիկիններե բաղկացյալ քոմիթե մը կազմվեցավ նե՝ ա՞ն է։

— Անանկ քոմիթե մը չեմ հիշեր կոր, աս ուրիշ է։

— Սա անցեալները քյուրտերը Հայաստանի գյուղերուն եկեղեցիները կողոպտեցին, որուն վրա հայ տիկիններե քոմիթե մը կազմվեցավ հիշյալ եկեղեցիներուն շուրջառ, շապիկ և ուրիշ լաթեղեն բաներ տալու նպատակավ նե՝ ա՞ն է։

— Ասանկ քոմիթե մը միտքս չգար կոր, աս ուրիշ է, ուրիշ։

— Հիվանդանոցի խղճալյաց օգնելու համար տիկիններե քոմիթե մը կա նե՝ ա՞ն է։

— Ասանկ քոմիթե մը լսած չունիմ, աս քոմիթեն ուրիշ քոմիթե է, ուրիշ։

— Օրթագյուղի աղջկանց վարժարանը գոցվելու վրա ըլլալով, ասոր առաջքն առնելու համար, աս օրերս տիկիններե բաղկացյալ քոմիթե մը կազմված է նե՝ ա՞ն է մի։