Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/171

Այս էջը սրբագրված է

Հեզությունը վիշտերու մայր է։

Բարի ըրե և զանիկա ծով ձգե. թե որ ձկները չի գիտնան, Աստված կը գիտնա։

Դանակին ըրած վերքերը կը բժշկվին, լեզվով եղածները ամենևին չեն բժշկվիր։

Իմաստությունը տարիքին թվույն վրա չէ, այլ գլխու մեջը։

Աշխարհիս ծովուն մեջը մեծամեծ նավերն ալ կընկղմին, դուն ունեցած խեղճ նավակովդ ի՞նչ պիտի ըլլաս։

Աղեկ մշակե քու այգիդ, ու ան ատենը չես նախանձիր քովինիդ այգվույն։

Տրտում մարդուն ուրախությունները քիչ կր տևեն։

Մեծ բանի ձեռք զարնողին՝ մեծ հոգ պետք Է։

Չես սիրվիր թե որ զքեզ միայն կը սիրես։

Հաշտված բարեկամությունը՝ աղեկ չգոցված վերքի նման է։

Ամենուն բարեկամը՝ մեկուն ալ բարեկամ չէ։

Տեղ մ՛ալ չհասնիր ան մարդը, որն որ ամեն տեսած ճամբան կը բռնե։

Շռայլություն ու խաղ, թշվառությանց երկու մեծամեծ աղբյուրներն են։ Քու փորձերովդ ավելի լավ կրնաս ճանչնալ աս բանս քան թե ուրիշի խոսքերովը։

Ճարտարությունը բաղդին աջ ձեռքն է, չափավորությունը ձախ ձեռքն է։

Զվարճությունը իրմե փախչողին ետևեն կը վազե։

Ամեն շռայլութենե ավելի ցավալի է ժամանակի կողմանե շռայլ ըլլալը. ժամանակը ազնիվ թել մըն է, որ անով մեր կյանքը կը հյուսվի։

Քանի որ կյանքերնիս առաջ երթալու վրա է, ծուլությունը այնպես ծանր ու կաղալով կը քալե, որ աղքատությունը շուտ մը վրա կը հասնի, թեպետև առաջ շատ հեռու ըլլար։

Հուսով ապրողը՝ նեղությամբ կը մեռնի. անոր համար ով որ ժառանգություն չունի՝ տասը մատով թող աշխատի, որ ստակ գտնե։

Ծույլին համար ամեն բան դժվար է. գործունեին առջևը արգելք չկա։

Ճարտար մարդը իր պարտքերը կը վճարե, վախկոտը վրայե վրա կը դիզե։

Ծույլը եզներն ու արորը կը ծախե, գործունյա մարդը գինին և պատվական բերքերը։

Կուզես իմանալ, թե ինչ է ստակ ըսածդ, ուրիշեն բան մը փոխ