Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/173

Այս էջը սրբագրված է

(Թատրոնը կը ներկայացնե ագարակ մը: Հեռվանց կը նշմարվի անտառ մը, գետ մը և ծով: Ագարակին չորս կողմը մեյմեկ դուռ կա. այս դռներեն դրացիներուն ագարակները կերթցվի):


ՏԵՍԱՐԱՆ Ա

Թ. Աթոռի մը վրա նստած է. Ռ. Ս-ն հրելով հրմշտկելով առաջին դռնեն դուրս կելլեն։

Ռ․ (ցած ձայնով) Չերթաս, անպիտան ինչո՞ւ, կը տնտնաս։

Ս. Երթամ ի՞նչ զրուցեմ, այսչափ տարվան դրացիս ու մեծս է։

Ռ. Ի՞նչ պիտի զրուցես, ալ չեմ կրնար համբերել կըսես, տեղս պզտիկ կուգա կոր կըսես, ագարակս մեծցնելու եմ կըսես, ինձի քիչ մը տեղ տուր կըսես։

Ս. Ըսեմ նե՝ կուտա, և ինչո՞ւ տա։

Ռ. Դուն իմ խոսքս մտիկ ըրե՛, շուտ ըրե՛, գնա՛։

Ս. Շատ աղեկ։

Ռ. Շուտ ըրե՛, գնա (կերթա):

Ս. (Թ-ին մոտենալով) Բարև.․․

Թ․ Աստուծու բարին։ Նստեցե՛ք։

Ս. (կը նստի) Գիտեք, որ ծառանիդ ձեր հավատարիմ դրացիներեն մեկն եմ։

Թ. Գիտեմ, Աստված պակաս չընե։

— Ս. Գիտեք, որ դրացի ըլլալնես ի վեր օր մը օրանց իրարու ծանր խոսք մը ըրած չունինք։

Թ. Չունինք։

Ս. Գիտեք, որ դրացիներն շատ անգամ նեղը կը մնան և իրար¬ մե բան կ՝ուզեն։

Թ. Այո՛, ի՞նչ է ուզելիքդ, կես գավաթ խահվե՞, չե նե նկանակ մը հաց։

Ս. Չէ՛, ծառադ կ՝ուզե, որ այս ագարակին մեր կողմը գտնված մասը ինձի տաք։

Թ. Ինչո՞ւ։

Ս. Անոր համար, որ դրացի ենք։

Թ. Այդ խոսքեդ բան մը չեմ կրնար հասկնար։


ՏԵՍԱՐԱՆ Բ

ՆՍՒՅՆՔ և Գ. երկրորդ դրան սեմին վրա

Ռ. (ցած առ Գ.) Դուն ալ գնա՛, դուն ալ, ճիշտ ժամտնակն է։