Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/192

Այս էջը սրբագրված է

Եվ շատ աղեկ կընեն կոր. թո՛ղ վարժապետները քիչ մը ծեծ ուտեն, որ վարժապետ ըլլալը սորվին։

Բայց ինչո՞ւ համար ծեծ կերեր են ասոնք։

Լսածնուս նայելով առաջինը մնացած ամսականը ուզած ըլլալուն համար ծեծ կերեր է, և արժանի է, որովհետև վարժապետը ազգին հացը կուտե, որովհետև վարժապետը ազգին գերին է, հոգաբարձուներուն առջև ծունկ լոքելու է, գետնեն թեմեննահ ընելու է, ի պահանջել հարկին քանի մը թախլախ ալ նետելու է, երբեմն հոգաբարձուներու տունը միս տանելու է, ամսական չարված միջոցին ուզելու չէ, ընտանիքը անոթի պառկելու է։

Երկրորդինն ալ իր վարժապետ ըլլալը մոռնալով իրեն ուղղված չլսված հայհոյությանց կարճ պատասխա՛ն մը տալն է. աս ալ արժանի է ծեծի, որովհետև վարժապետ մը ազգին հացը կուտե կոր, ինչ որ ըսեն, համբերելու է, եթե անարգեն՝ շնորհակալ ըլլալու է, եթե հայհոյեն՝ գոհ ըլլալու է, եթե ծեծեն՝ երախտապարտ ըլլալու է։ Ինչո՞ւ. — որովհետև ազգին հացը կուտե եղեր։

Զարկե՛ք, սա թշվառականներուն, ամենուս ալ հացը կուտեն կոր ատ որկրամոլները, ա՜հ, այս օրերս ձեռքս չանցնիր կոր հատ մը, որ փայտի հարվածներով ոսկորները ջարդ ու բուրդ ընեի։

Չըսեք ամենուն, բայց շատերուն կարծիքն աս է դժբախտաբար։

Վարժապետաց հարցն ճանչցող լուսավորյալներն անգամ կարծես կը քաշվին դասատվաց հետ վարվիլ այնպես, ինչպես որ կը վարվին իրենց հավասար մարդոց հետ։ Իրենց անպատվություն կը համարեն անոնց պատիվ ընելը, մինչդեռ անոնք ամեն պատվո արժանի են։

Չեն ուզեր գիտնալ անոնք, որ դասատուները չեն, որ ազգին հացը կուտեն, այլ ազգն է, որ անոնց հացը պիտի ուտե։ Չեն ուզեր համոզվիլ անոնք, որ ամենափոքր դասատու մը ամենամեծ հարուստեն ավելի, շատ ավելի կը ծառայե ազգին և անոր համար ավելի պատվո և հարգանաց արժանի է. անոնց արժանապատվությանը կը դպչի կոր հասկնալը, թե դասատուները ազգին ծառաները չեն, այլ տերերն են։

Իբրև զվարճախոս թերթ ասկից ավելի չենք կրնար գրել մենք, այլ կը խնդրենք մեր լուրջ լրագիրներեն, որ դասատվաց վիճակին վրա երկարորեն գրեն, ամեն օր գրեն, ամեն ճիգ թափեն անոնց վիճակը բարվոքելու. որովհետև եթե օր մը ազգերնիս լուսավորվի՝