Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/197

Այս էջը սրբագրված է

ամենես պաշտվի. վերջապես ինչ որ մեր տկար գրիչը կը ներե կը գրեմ։ Ըսելիք մը չունի՞ք սրբազան։

— Որչափ ազնիվ եք։

— (Մեկուսի) Որչափ սատանա է, ստակի խնդրույն չմոտենար կոր։ (Բարձր) Կըսեմ, թե մինչև հիմա ինչ որ գրեցինք լրագիրնուս մեջ ամենն ալ հետս կը կոչենք, թե այդ տողերը իբր չեղեալ պիտի համարվին, թե սխալած Է եղեր մեր կարծիքը։ Ինչպես է սրբազան, կաղաչեմ, եթե դիտողություն մը ունիք, ըրեք։

— Սա դիտողությունը ունիմ, թե դուք խմբագիրներեն ամենեն ազնիվն եք։

— (Մեկուսի) Շատ վարպետ մարդ Է, բայց աշխատինք։ (Բարձր) Եթե ձեր սրբազնությունը կը հաճի, թող ձեր սրբազնությունը բան մը գրե հրատարակեմ։

— Շնորհակալ եմ ձեր բարեսրտութենեն, հրամանքնիդ ինձմե աղեկ կրնաք գրել։

— (Մեկուսի) Ստակի խնդիրը չբանար կոր, կրնար ըլլալ, որ ձեռքին մեջ պահած ըլլաու ժամուցի պես աջը առած միջոցիս տա։ (Բարձր) Մեզի հրաման տվեք, Սրբազան, տվեք աջերնիդ համբուրեմ։

— Աստված օրհնե, տեր Աստված անփորձ պահե, ի բազում բորձանաց ազատ կացուսցե...

— (Մեկուսի) Ձեռքին մեջն ալ բան մը չկա եղեր (Բարձր) էհ, կերթամ կոր, սրբազան, դարձյալ ըսելիք մը չունիք։

— Ի՞նչ ըսեմ, օրհնած։

— Կերթամ կոր ալ, մտմտացեք անգամ մը, նայինք, բնավ ըսելիք մը չունիք։

— Միտքս չգար կոր տղաս, հիշողությունս ալ տկարացած Է արդեն։

— Սրբազան, երթայք բարյավ... բարի ճամբորդություն կր մաղթեմ... երթաք բարյավ... ըսելիք մը չունի՞ք։

— Չունիմ, տղաս, օրհնյալ ըլլաս, որ զիս մխիթարեցիր։

— Սրբազա՛ն, ըսելիք մը ունիմ ձեզի։

— Հրամմեցեք, զրուցեցեք։

— Քանի մը ատենե ի վեր վիճակս շատ նեղ է, թղթավաճառին պարտք, տպարանին պարտք, օտապաշիին պարտք, ցրիչին պարտք, նպարավաճառին պարտք, մսավաճառին պարտք, վերջապես դեմս ելնողին պարտք ունիմ...

— Ճիշտ ինձի պես, օրհնած, ի՞նչ ընենք, համբերելու է. Աստված ողորմած է։