Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/209

Այս էջը սրբագրված է

Մայրաքաղաքս գտնվող Օսմանեան տերության հպատակ ձիերն ու էջերն անցյալ կիրակի ընդհանուր բարեկարգութենեն իրենց ալ մաս մը խնդրելու խնդրույն վրա խորհելու համար՝ արտաքո կարգի միթինկ մը կը գումարեն։ Մարսվանի էշերեն ծերուկ մը քառորդի մը չափ ղռալեն հետո ատյանը բացավ հետևյալ ազդու ատենախոսությամբ։

Ազնիվ Էջեր, մեծապատիվ ձիեր

Ինչպես որ դիտեք, նվաստս հարուստ անձի մը ծառայելով՝ օրը 2 ժամ կաշխատիմ և իմ կացութենեն բավական գոհ եմ, բայց. ո՜հ, սիրելի եղբարք, չեք գիտեր որչափ կսկիծ կիմանամ, որչափ կը վշտանամ, երբ ձեր մեջեն շատերուն կրած հարստահարությունները կը տեսնամ, ո՜հ, չեմ դիմանար, սիրտս կը կոտրի, կը փղձկի և ամենայն ուժով կը զռամ, կը մտածեմ, որ մեք մարդոցմե բարձր արարածներ պետք Է համարվինք, զի նվաստս էջ մըլլալով՝ ձեր կրած նեղությանց հանչափս կը ցավիմ, մինչդեռ մարդոցմե այնպիսիներ կը ճանչնամ, որ Վանա, Սեբաստիո հարստահարությունները իբր զբոսանք մտիկ ընելով անտարբեր կը մնան, փոխանակ օգնել փութալու՝ այնպիսիներ կը ճանչնամ, որ փոխանակ դոցա դարման մը տանելու և հանցավորները պատմելու իրողությունը թեթևցնել կը ջանան, այնպիսիներ կը տեսնեմ, ո՜հ, այնպիսի անխիղճներ գիտեմ, որ փոխանակ այդ խեղճերուն ցավը հրատարակելով բարեխնամ կառավարության ուշադրությունը հրավիրելու, այդ հարստահարյալները կրկին կը հարստահարեն հրատարակման համար ստակ պահանջելով այնպիսիներ... բայց ո՞ւր կերթամ, խնդրեն շեղեցա, դեռ խոսելու, գրելու, ազատությունը կատարյալ չէ, որ ամեն գիտցածս ըսեմ... մեկ մալ, որ մեր ինչուն պետք, մեր գործին դառնանք։ Էջեր, ձիեր․․․ օր ախոռին մեջ թուալերս[1]․․․․ լսեցի, թե մեծ մարդիկ, քաղաքագետք, այս օրերս հաճախ ատենախոսություններ ընելով Թուրքիո քրիստոնեից բարվոքումը կը պահանջեն եղեր, բայց ինչու՞ Թուրքիո էջերուն և ձիերուն այնքան վատթար կացությանը դարման մընել չեն խորհիր, գոնե միայն մերը, որ եվրոպական Թուրքիո մեջ ենք, որ իրենց դրացի ենք, որ ամեն օր, գիշեր ցորեկ կաշխատինք, գոնե օր մը հանգիստ չենք ըներ, գոնե այդ մարդիկը, անցյալ օր, Փունջին թղթակցին Հանգստյան օր վերնագրով հոդվածն ալ չկարդացի՞ն, ահա ասոնք մտածելով բարկացա և ոտներս գետինը զարնել սկսա։

  1. Մեր տրամադրության տակ եղած «Թատրոնի» այս մասերը աղճատված են։ Ծ. կազմ.։