Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/217

Այս էջը սրբագրված է

— Ապրի՛ս, օն, գեղը երթանք և այս իրիկուն հարսանիքը ընենք։

— Շատ աղեկ։

Իսկույն կառքս բերել կուտայի և այս անուն ազգականս դիմացս կառնեի, տուն կերթայի, մեկ երկու քահանա կը կանչեի և քսանհինդ տարի հավատարմությամբ իմ քովս ծառայող անգղիացի սպասուհիս կը կարգեի. և կարծեմ այսպես ընելով բարեգործություն մը ըրած կըլլայի և իմ անունս թեպեշիրե տառերով կը գրվեր գերդաստանիս մեջ։

Ի՞նչ կըսեք, այսպիսի գործ մը ընելով՝ բարեգործություն մը ըրած չէի՞ համարվիր, շուտ ըսեք. որովհետև եթե հարուստ ըլլամ — արդեն ասանկ է — և եթե ասանկ բան մը ընեմ նե կը բամբասվիմ։

— Ընելիքդ բարեգործություն Է, բայց զուտ և պատվավոր բարեգործություն կըլլար՝ եթե սպասուհիդ իրեն համապատիվ սպասավորի կամ ուրիշ երիտասարդի հետ կարգեիր։

— Երկու հազար ոսկին ինչո՞ւ ուրիշին տայի։

— Որպեսզի բարեգործությունը յուր անունին արժանի ըլլար․

— Եթե այդպես Է, ես ոչ հարուստ կըլլամ, ոչ ալ ասանկ բամբասանքի ենթակա։

Սպասուհի՛, տեղդ նստե՛, չըլլա որ Անգղիայեն ելլաս գաս, վերջը չեմ ճանչնար և հոս բացը կը մնաս։

Գիտեք թե ինչ կ՛ընեի եթե ամիս մը առաջ հարուստ ըլլայի, որովհետև քանի մը շաբաթ առաջ ըսած Էի։ Բայց եթե այսօր հարուստ ըլլայի՝ գիտե՞ք ինչ կընեի։

Խոսքս մի՛ կտրեք, որ ըսեմ։

Եթե այսօր հարուստ ըլլայի, կը փափագեի նախ ծեր ըլլալ և ունենալ եղբայր մը, որ հասարակարգ մը ըլլար... սիրո։ Կը փափագեի, որ այս եղբայրս իմ ճաշակներս և մասնավոր սեր մը ունենար անգղիացվոց, կամ մանավանդ անգղիուհյաց վրա։ Կը փափագեի, որ այս եղբայրս դրսեն գար և իմ գտնված անտանելի վիճակես զիս ազատեր։ Այո՛, անտանելի վիճակես, որովհետև գիտեք, որ ծերության մեջ միս մինակ ապրիլը քաշվելու բան չէ։ Կը փափագեի, որ այս եղբայրս Եվրոպայեն եկած ժամանակը հետը անգղիացի օրիորդ մը բերեր, որպեսզի զիս հագցուներ, չուպուխս բերեր և զիս խնամեր, վերջապես եղբորս մատուցած ծառայություններն ինձի ալ մատուցաներ։ Կը փափագեի, որ այս եղբայրս