Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/221

Այս էջը սրբագրված է

Աղքատ փաշա մը․
Մավի փյուսկյուլով կարմիր ֆես մը․
Մեռելե վախցող ժամկոչ մը.
Պղինձ տաս փարանոցեն մեծ ստըրիտյա մը.
Լեցուն տոպրակներով տուն գացող հայր մը.
Պարապ քսակով տուն գացող քսակահատ մը.


ԻՐԱՎՈԻՆՔԸ ԿԱՆԽԻԿ ՉԱՌՆՈՂ ԽԼԱՎՈԻԶԸ

ՎԵՐՋԵՆ ԲԱՑԸ ԿԸ ՄՆԱ

Ամիս մը առաջ տիկին մը յուր զավկին աղջիկ մը գտնելու համար, էյուպեն կելնե և Սկյուտար Վանքին թաղը խլավուզի մը տունը կերթա։

— Բարև ձեզ։

— Աստծոլ բարին, բարի եկաք, սանկ հրամմեցե՛ք, նստեցե՛ք։

— Շնորհակալ եմ, ինչպես եք, աղե՞կ եք։

— Սանկ, նանկ։

— Ի՞նչ կա, ի՞նչ չկա, ձեռվընուդ տակ աղվոր աղջիկներ կա՞ն։

— Կը գտնվի, հիմա աղջիկեն շատ ի՞նչ կա, գլխուս մազեն ավելի։

— Գուզում, ճանըմ, մեր էֆենտիին համար աղվոր աղջիկ մը գիտե՞ք։

— Այո՛ գիտենք, Սելամսըզի կողմը մեկ աղվորիկ աղջիկ մը կա, կ՝ուզեք նե երթամ անգամ մը խոսիմ։

— Գուզում Գևորգ աղա, դուն գիտես։

Խլավուզը շուտ մը կելլա և աղջկան տուն կերթա։

— Բարև ձեզ հանըմներ։

— Աստծու բարին, Գևորգ աղա, ինշալլահ խեր է։

— Խեր չըլլար նե կուգայի՞, ձեզի աղվոր փեսա մը գտա, թոփիկ, կլորիկ, սև աչքով, սև ընքվիով..․

— Թամ մեր ուզածն է, գուգում Գևորգ աղա, զենաաթը ի՞նչ է։

— Քյաթիպ է, ամիսը վեց ոսկի կառնե, թեմպել չէ, խման չէ, սա խըսմեթը մի՛ փախցունեք։

— Քանի մը օրեն պատասխանը կուտանք քեզի։