Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/222

Այս էջը սրբագրված է

Աղջկան քույըը հետևյալ առտուն խլավուզին տունը կերթա և անկից ալ խլավուղին հետ մեկտեղ մանչը տեսնելու կերթա, կը տեսնե մանչը, կը հավնի, մեր մախպուլն է կըսե, և Գեորգ աղային խաթրը էվելոք խոշ ընելու խոսքեր ընելով՝ մնաք բարով կըսե, կելնե կերթա։

Գեորգ աղան, որ ավելի աղջկան մը մանչ, կամ մանչու մը աղջիկ գտնելու մեջ հաճույք կզգա, քան թե այս արվեստեն ստակ վաստկելու մեջ, քանի մը օր լրագրավաճառությունը մեկդի կը դնե և այս առևտուրը եփելու կաշխատի և կեփե։ Կորոշվի որ սուրբ Սարգիսի շաբթուն ալ հարսնիքը ըլլա։

Հարսնիքի իրիկունը մանչը դռնեն ներս մտնելուն պես հարսին քույրն է կսկսի ոտքերը գետինը զարնել և պոռալ խլավուղին երեսը։

— Սա այլազգը բերիք, քրոջս հետ գլուխ գլուխի տվիք, ծո՜ Գեորգ, հիմա քեզի կտոր կտոր ընեմ նե՝ իրավունք չունի՞մ։

Հարսնեվորները կուգան և մեր Գեորգ աղան հարսին քրոջը ձեռքեն կը խալսեն։ Չմոռնանք ըսելու, որ Գեորգ աղան պզտիկ կազմով մեկը ըլլալուն՝ մեծ հարմարություն ունի ծեծ ուտելու։

Երկուշաբթի օրր խլավուզ Գեորգ աղան աղջկան տունը կերթա իրավունքը ուզելու։

— Նազիկ հանըմ, մեր հախը տվեք, ձեզի փեսա գտանք։

Նազիկ հանըմը նորեն խլավուզի վրա ծեծի կը վազե. խլավուզը ծեծ չուտելու համար բուրգ ու բապուճ կը փախչի։ Հետևյալ օրը խլավուզը բոլոր թաղերը կը պտըտի ու մանչուն պատվավոր ըլլալուն համար վկայագիր մը ստորագրել տալովն նորեն աղջկան տունը կերթա։

— Հրամմեցե՛ք, նայեցե՛ք, Նազիկ հանըմ, մանչուն պատվավոր ըլլալուն համար ամեն մարդ կը վկայե կոր։

— Նալլեթ սուրաթընա, ա՛ռ սա քսաննոց թուղթը ու գնա՛, երեսդ չտեսնամ։

Գեորգ աղան նայելով, որ դեմ դնե նե ծեծ պիտի ուտե՝ տունեն կ՝ելլա և շիտակ մեր տպարանը կուգա, կը խնդրե մեզմե ծանուցանել բոլոր խլավուզներուն, թե կանխիկ ստակ չառած ո՛չ մանչերուն աղջիկ գտնան, ո՛չ ալ աղջիկներուն մանչ։

Տեսնենք, մեր այս հոդվածը աղջիկներեն ու մանչերեն նկատողության պիտի առնվի՞, թե ոչ։