Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/225

Այս էջը սրբագրված է

ի՞նչ ըսել է. Պատրիարքը տպագրական տեսչության պաշտոնյա՞ է։

— Կերևա, որ Կետիկ փաշայի թատրոնի հիմակվան տնօրենությունը ինչ ընելիքը չգիտեր կոր. որովհետև երբեմն յուր ազդերուն մեջ անակ բաներ կը գրե կոր, որ ազգին անպատվություն բերելեն զատ ուրիշ բանի չեն ծառայեր։

— Կը զարմանամ, որ ատանկ տնօրենութենե ազգին պատիվ կսպասես։


ՀԱՐՑ ՊԱՏԱՍԽԱՆԻ

Հ. — Կամուրջին վրայեն անցնողն ինչ ըլլալու է։

Պ. — Քաջ լարախաղաց ըլլալու է, որպեսզի կամուրջն ելած իջած ատեն հավասարակշռությունը կորսնցնելով գետինը չիյնա։

Հ. — Մութ ատեն Սուլթան Պայազիտեն անցնելու համար ի՞նչ ըլլալու է։

Պ. — Դանիել մարգարե ըլլալու է, որպեսզի չուները քեզ չխածնեն, վասնզի առյուծները Դանիել մարգարեն չխածին գուբին մեջ։

Հ. — Քոնսոլիտ խաղին մեջ հաջողելու համար ի՞նչ ընելու է։

Պ. — Կամ Իկնաթիեֆ ըլլալու է, կամ Կորչաքոֆ, որպեսզի գիտնա, թե քաղաքականության նժարը որ կողմ պիտի հակի։

Հ. — Վարժապետն մը ի՞նչ հատկություններ կը պահանջվին։

Պ. — Առողջ կազմված, զորավոր ջիղեր, համբերություն, սակավապետություն, միով բանիվ երկար ատեն անոթության դիմանալու գովելի ձիրքը։

Հ. — Քոքոզության դեմ ի՞նչ դարման կա։

Պ. — Առ 5 տրամ բորեաս, 20 տրամ նոտոս և 18½ տրամ գարաել, ասոնք լավ մը իրար խառնե, հապ շինե, և առտու իրիկուն մեյմեկ հատ կլլե։

Հ. — Շոգենավով Խասգյուղ գացողը ի՞նչ ունենալու է։

Պ. — Ավետարանական համբերություն ունենալու է։

Հ. — Արևի օր կամուրջի գլխեն ի՞նչպես անցնելու է։

Պ. — Քրիստոսի զորությունը ունենալու ես, որ ջրերուն վրայեն քալելով երթաս։

Հ․ — Լրագիրը կարդալու համար ի՞նչ պետք է։

Պ. — Քիչ մը գաղղիերենի, քիչ մալ քաղդեական ուսմանց ծանոթություն ունենալու ես։