Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/233

Այս էջը սրբագրված է

կազմել տվի, և Ռուսիո զորաց սոսկալի ջարդ մը տվի, ի՞նչ վաստկեցա։

— Այն օրերը բավական թերթ քշեցիր․ երկար մի ըներ։

— Այսօր ինչո՞ւ չկարենամ քշել։

— Որովհետև ժողովուրդը մեյ մը խաբվեցավ ալ չխաբվիր կոր մեր սուտերուն։ Աղաբեկյանը Վանա մեջ սա նա ըրեր Է դրած ես, մինչդեռ այդ տողերը գրած ատենդ Աղաբեկյանը դեռ Վան հասած չէր։

— Ի՞նչ վնաս ունի, կրնար ըլլալ, որ հասած ըլլար։

— Տաճիկ ոստիկաններուն տեղ հայ ոստիկաններ դրված են ըսեր ես և պոչավոր սուտ մը հրատարակեր ես։ Կարծեմ ազգը ո՛չ ապուշ է, ո՛չ ալ քու խաղալիքդ։

— Ի՞նչ ընելու է այս ազգին, ճշմարտությունը կը խոսիս, չեն առներ, սուտ կը խոսիս, դարձյալ չեն առներ։

— Ատոր դյուրին ճամբան կա, ոչ ճշմարտություն կը խոսիս ո՛չ ալ ստություն, բերանդ կը գոցես, բան մը չես խոսիր, և այն ատեն տես Լրագիրդ ինչպես առաջ կերթա։


ԹԱՂՈԻՄԻ ՍԱԿԱՐԿՈԻԹՅՈԻՆ

Երեքշաբթի՝ Զատկին երրորդ օրը աղքատ և ծեր հայ մը կը վախճանի Բերա։ Ընդհանրապես աղքատ ննջեցյալներու թաղման հանդեսը մեկ քահանայով կատարվելուն՝ ննջեցյալին կնոջը ազգականները, որ ննջեցյալին կնոջ պես ազգայնոց հռովմեական մասին կը վերաբերին եղեր, չուզելով անշուք կերպով կատարել թաղման հանդեսը, կ՝որոշեն չորս, հինգ հռովմեական վարդապետ բերել և անոնց ձեռքով վերցունել տալ մեռելը։ Ննջեցյալին ազգականները իրենց պզտիկություն կը համարեն այս որոշումը և կուզեն, որ ննջեցյալն ըստ օրինի իր եկեղեցիին կրոնավորներուն ձեռքովը թաղվի և վայելուչ կերպով, ուստի և ասոնցմե մին Բերա Ս. Երրորդության եկեղեցին կերթա, ավագերեցը կը գտնա։

— Օրհնյա՛, տեր հայր։

— Աստված օրհնե։

— Աղքատ մեռել մը կա, չորս քահանա և տիրացու ղրկեցեք, որ վերցնեն։

— Չորս քահանայի համար չորս քսաննոց թուղթ պիտի տաք, օրհնած։

— Շատ աղեկ։