ԶՎԱՐՃԱԼԻՔ
<1>
Արշալույս Արարատյան, որ կարմիր գրաբարյան մէ, չկրնալով չհանդուրժել ծայրահեղ աշխարհաբարյանց ընթացքին, աշխարհաբարը բոլորովին արտաքսեր և գրաբար գրել սկսեր է։
Ահավասիկ իր առևտրականեն հատված մը.
«Բամպակն ի հանդարտութեան գտանի ի պատճառն աննպաստ լրոց հասելոց ի Լիվրբուլէ, հետևաբար յայսմ շաբաթ ու միայն 1300 հակ վաճառեցաւ, ի գին 350 ի առ կենդինարն...»։
Կըսվի, թե քանի մամիսե ի վեր միշտ գրաբար կը խոսի եղեր, թե իր գրաշարը, մրահարն ու ցրվիչը գլուխ գլուխի տված գրաբարը սորվելու ետևեն եղեր, որովհետև ըսած է եղեր իրենց, որ եթե մինչև վեց ամիս գրաբարը չսորվիք և հետս գրաբար չխոսիք տպարանիս մեջ գործ չունիք։
Պարոն Յերազ, որ պատճառ եղավ Արշալույսի այս մոլության, պարտավոր է կարծենք հանդարտեցնել Արշալույսը, որ կարևոր դեր մը կը խաղա... դիցաբանության մեջ։
ԺԱՄ ՄԸ «ԱՐՇԱԼՈԻՅՍԻՆ» ՀԵՏ
Շատուց կը փափագեի Արշալույսը տեսնալ և վերջապես տեսա զինքը առջի գեշեր երազիս մեջ։
— Գիշե՞ր ըսիր։
— Գիշեր, այո՛, այն Արշալույսը գիշերը կը տեսնվի ճրագով։
Չգիտեմ ինչպես եղած էր, աստվածները Արշալույսը ինձի ղրկելու ատեննին չէին մոռցած նաև ղրկել սեղան մը, որու առջև կերակուր կերանք և որու վրա խնդացինք։
Այո, ինքզինքս հանկարծ Արշալույսի դիմացը և սեղանի մը առջև գտա։ Քանի մը տեսակ կերակուրներ ուտելնես ետքը ոչխարի մը գլուխ բերին։ Արշալույսը այդ գլուխը աղվոր մը մաքրելեն