Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/239

Այս էջը սրբագրված է

— Որպեսզի խմբագիրները հանցանք մը գործած ատեննին կառավարությունը կարող ըլլա անոնցմե տուգանք առնել։

— Իրա՞վ կըսեք։

— Այո՛, այդ երաշխավորությունը չցցունողը չպիտի կրնա լրագիր հանել։

— Բայց այդ երաշխավորությունը ցցունողը խենդ է, որ խմբագրություն ընե։

— Ինչո՞ւ խենդ ըլլա պիտի, խմբագրությունը փառասեր մարդոց համար ամենեն լավ ասպարեզն է, ամենքը կը խենդենան վրադ. «բարի եկար, մեծապատիվ էֆենտի, ի՞նչպես եք, մեծապատիվ էֆենտի, շիտակը ձեր լրագիրները ամեն օր կը կարդամ կոր, որչա՛փ ալ աղեկ կը գրեք կոր, ազգին պատիվ կը բերեք կոր» և այլն կ՝ըսեն. ընկերության մեջ գտնված ատենդ միսին աղվոր կտորը քեզի կը հրամցունեն, զքեզ կը հարգեն, կը պատվեն, բայց ծոցդ փարա մը չունիս եղեր, ադ ուրիշ խնդիր։


ՊՈՆՈՅԻ ՄԸ ՊՏՈԻՅՏԸ

Ինչ որ ուզեն թո՜ղ ըսեն, եթե ես կամ Քաղաքական ժողովո և կամ Թաղական խորհրդո մը մեջ աթոռ ունենայի՝ ուրիշներու նման հովիվի պես երջանիկ և թագավորի մը պես փառավոր կյանք չէի կրնար վարել։

Թերևս հարցնեք ինձ, թե ի՞նչ կընեիր։

Ինչ չէի ըներ որ, քսակս լեցնելու համար պետք եղած ամեն բաները կընեի, բայց չէի հաջողիր, քթիս բերնիս կը դարձունեի, կը ձգեի վար։

Օրինակի համար, էրիկ կնկան դատ մը կը ներկայանար Խառն ժողովին։ Ասանկ դատ մը ներկայանալուն պես բնավ չէի հոգներ հասկնալու համար, թե իրավունքը ո՛ր կողմն է, այլ կը հոգնեի հասկնալու համար, թե դրամը ո՛ր կողմն է։ Ասիկա հասկնալուս պես կսկսեի գործել։

Առաջին նիստին մեջ դրամ ունեցողին կողմը կը միտեի առանց վերջնական կարծիքս հայտնեքու. ինձի այնպես կը թվի, թե սա մարդը իրավունք ունի կըսեի, և կամ չէզոք դիրք մը կր բռնեի, բայց կաշխատեի, որ ժողովն իր վճիռը չարձակե այս նիստին մեջ։

Իրիկունը տուն դառնալուս պես՝ գրիչը ձեռքս՝ կառնեի և կտոր մը թուղթի վրա կը գրեի։