Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/242

Այս էջը սրբագրված է

— Ճանըմ, ինչո՞ւ հետդ տանիս պիտի, տեսնողը ի՞նչ կըսե ամոթ չէ՞։ Չեմ տար լապտերը, պարապ տեղը իս պոռալ մի տար։

— Աղեկ ըսիր, կնի՛կ, ամոթ է, անանկ է նե անկողինս Աբոսթոլին մեյխանեն ղրկե՛, գիշերները հոն կը պառկիմ մինչև ցնոր կարգադրություն, ըսավ Պապիկ աղբարը:


ԱՌԱՋՆՈՐԴ ԽՈՍԱԿՑՈԻԹՅԱՆ

ԲԱՐԵԿԱՄԻ ՄԸ ՀԵՏ

— Կարդացի՞ք այս գիրքը։

— Տակավին չկարդացի:

— Առնեմ նե չէ՞ք բարկանար:

— Ի՞նչ ըսել կ՝ուզեք։

— Վաղը կամ մյուս օր ձեզի կը դարձունեմ։ Այն սնկարները ու՞սկից կառնեք կոր։

— Ծխավաճառեն։

— Ո՞ր ծխավաճառեն:

— Սա դիմացինեն:

— Զարմանալի բան։ Ես չկրցի աս սիկարներեն գտնալ։ Կը ներե՞ք, որ քանի մը հատ առնեմ, որպեսզի իրեն ցցունելով, ըսեմ թե այս սիկարներեն կուզեմ։

— Լավ, բայց մեջը քանի մը հատ ձգե:

— Տեր ողորմյա, ատ ալ խո՞սք է։ Թատրոնի տոմսակ մը ունիս հե՞, ու՞սկից առիր․․․

— Ստակով առի։

— Այս տոմսակը պե՞տք է քեզի:

— Բարեկամի մը պիտի տամ։

— Անանկ է նե՝ ինձի տուր, շատ կը փափագիմ երթալ նոր խաղը տեսնելու։ Բացի ասկից, նշանածս ալ քանի մը օրե ի վեր գլխուս միսը կուտե, որ թատրոն տանիմ զինքը, ինչ աղվոր պատահեցավ։

— Ներեցեք, մեկու մը խոստացած եմ։

— Իրեն կըսեք, որ չկրցի տոմսակ գտնել, խութերս համար այսչափ բանը կրնաք ընել։

— Լա՛վ, գնա պտըտե։

— Շնորհակալ եմ։ Մեկ ոսկինոց մանրուկ ունի՞ք։

— Իրեք քառորդի չափ ունիմ..․ գործդ կը լմննա այն չափով։