Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/253

Այս էջը սրբագրված է

Առջի գեշ ատենը։
Եղանակ մը ուներ
Լուսահոգի Աճեմյան
Բեմը կելներ կերգեր
          Բայց մեր գեշ ատենը
          Եղանակ ալ չունի
          Չափ կանոն ալ չունի
          Պարող երգող ալ չունի,
                    Վա՛յ գեշ ատեն։


ԽԻԿԱՐԻՆ ԵՐԱԶԱՀԱՆԸ

Թե որ երազիդ մեջ տեսնես, որ ձուկ մը կը թռչի կոր, հետևյալ օրը Պասիրիթի մեջ սուտ մը պիտի կարդաս։

Թե որ երազիդ մեջ քալած ատենդ քանի մը անգամ պիտի իյնաս՝ հետևյալ օրը Սուլթան Համամիեի նոր շինված փողոցներուն մեկեն պիտի անցնիս։

Թե որ գավառացի երեսփոխան մես և երազիդ մեջ տեսնես, որ մուրացկան մը առջևդ տնկվեր է և մինչև որ ստակ չտաս չերթար՝ գիտցիր որ հետևյալ օրը խմբագիր մը պիտի գա սենյակդ և քեզ իր թերթին բռնի բաժանորդ պիտի գրել տա։

Թե որ երազիդ մեջ քսակահատ մը կամացուկ մը ժամացույցդ առնե քանի մը օրեն դատ մը պիտի ունենաս և դատդ տեսակ մը փաստաբանի պիտի հանձնես։

Թե որ երազիդ մեջ ծովը իյնաս ու խեղդվելու մոտ գտնվիս՝ քանի մը շաբաթեն պճնասեր աղջկան մը հետ պիտի կարգվիս։

Թե որ երազիդ մեջ սատանա տեսնես հետևյալ օրը Կորչաքով իշխանին մեկ շրջաբերականը պիտի կարդաս։

Թե որ երազիդ մեջ չեզոք բայ մը տեսնես հետևյալ օրը նույն բայը ներգործական պիտի գտնես։

Թե որ երազիդ մեջ գլուխդ ցտվի՝ հետևյալ օրը Արշալոյս պիտի կարդաս։

Թե որ երազիդ մեջ չհուսացված տեղե մը ստակ առնես՝ մոտ օրեն կամ թաղական և կամ ուրիշ ժողովի մը անգամ, պիտի ընտրվիս՝ եթե անունդ Գ․ ով, Մ. ով, Թ. ով, Ս. ով կսկսի։

Թե որ երազիդ մեջ կարողութենեդ վեր պաշտոն մը տան քեզի՝ քիչ օրեն Պատրիարքարանի քաբու քեհյասի պիտի ըլլաս։