Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/256

Այս էջը սրբագրված է

ԿԱՐՆՈ ԱՆԹԻՔԱՆԵՐԸ

Առանց արտալայի միս ծախող մսավաճառ մը։
Հայ պաքալ մը։
Գրել ու կարդալ գիտցող անգամ մը տնտեսական խորհրդո մեջ։
Զատկի օր առաջնորդարանը պաշտոնական այցելու ընդունող առաջնորդ մը։
Հայու մորթածը ուտող շաֆեի մը։
Լիրայի երես տեսնող վաճառական մը։
Պակաս չծախող հռոմեական հացագործ մը.
Ուսումնական աջակողմյան մը։
Սահմանադրապես գործող ժողով մը։
Կարճահասակ միսիոնար մը։
Տրապիզոնի ճամբան տենկ չունեցող վաճառական մը։
Ընկերություն քաջալերող Կարնեցի մը,
Առանց փոթին կալոշի օրիորդ մը.
Ազգին ստակը չուտող պետելեթճի մը,
Զաքարյան վարժապետեն գոհ եղող աշակերտ մը.
Կարնո ուսումնական խորհրդո մը հարատևությունը,
Զաքարյան վարժապետը դպրոցեն կրնալ հեռացնող Թաղական խորհուրդ մը.
Երեք այրին քահանա ձեռնադրող մը.
Կամավ հրաժարող վանքի հոգաբարձու մը։


ԽՈՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ

«ՆՈՐ ԴԱՐ», «ՄԱՍԻՍ»

Նոր Դար․ — (Մեկուսի) Սա անիծյալ Մասիսին երեսը տեսնելուս պես վրաս տենդ կուգա կոր։

Մասիս. — (Մեկուսի) Սա թշվառական Նոր Դարուն երեսը նայելուս պես՝ վրաս կաթված կիջնա կոր։

Խիկար. — (Մեկուսի) Սա թերթերը դեմս ելնելուն պես ինքզինքս մեռած կը կարծեմ կոր։

Նոր Դար․ — Բարև, Մասիս էֆենտի։

Մասիս. — Աստուծո բարին, ի՜նչ բարեբախտություն... ձեզի հանդիպելուս շատ շնորհակալ եմ: Քանի մը օրե ի վեր ամեն տեղ հարցուցի զձեզ, որպեսզի քիչ մը նստինք ու խոսինք։