Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/257

Այս էջը սրբագրված է

Նոր Դար. — Շնորհակալ եմ, գիտեմ որ զիս շատ կը սիրեր։ Ես ալ կուզեմ ձեզի հետ տեսնվիլ, խոսիլ, ձեզմե լույս առնել. մենք որչափ որ շատ խոսինք, ազգին այն չափ ավելի ծառայություն կը մատուցանենք։

Խիկար. — (Մեկուսի) Ձեր պապանձումն ալ ոչ նվազ օգտակար է ազգին։

Նոր Դար. — Մասիս, երկուքնես որերնի՞ս ավելի շահախնդիր ենք, դո՞ւ թե ես:

Մասիս. — Կարծեմ դու քիչ մը ինձմե ավելի ըլլալու ես։

Խիկար. — (Մեկուսի) Սխալ է կարծիքդ։

Նոր Դար. — Շատերը կըսեն, թե դու ինձմե ավելի ես եղեր։

Մասիս. — Դուն շատերուն մի՛ նայիր, շատերը բերաննուն եկածը կըսեն, անգամ մը խղճիդ հարցուր նայինք։

Խիկար. — (Մեկուսի) Նոր Դարը ատանկ բան մը գործածե մի։

Նոր Դար. — Խղճիս ինչո՞ւ պիտի հարցունեմ եղեր. աչքովս տեսած բանս խդճի՞ս պիտի հարցունեմ, դուն այնպես շահախնդիր մեկն ես, որ ստակի համար ազգդ հրապարակավ կանարգես։

Մասիս. — Դուն ալ այնչափ շահախնդիր մեկն ես, որ ազգդ երկու փարայի կը ծախես։

Նոր Դար. — Չեմ ընդունիր, զրպարտություն է։

Մասիս․ — Եթե դուն չես ընդունիր, ես ալ չեմ ընդունիր՛

Խիկար (Մեկուսի) Եկե՜ք երկուքնիդ ալ ընդունեցե՛ք, չէ՛ մի՛ ըսեք։

Նոր Դար. — Ո՜չ, ո՜չ, դուն անպաճառ. ընդունելու ես, որովհետև քո՝ շահախնդրությունդ այսօրվան օրս հազար անգամ վկայալ ճշմարտություն մ՝է։

Մասիս Քուկինդ երկու հազար անգամ հաստատված է։

Նոր Դար. — Չափը կանցունեք կոր, էֆենտի։

Մասիս. — Մի ըսեր, որ չլսես։

Նոր Դար. — Պետք է խոստովանիս, որ դուն ինձմե ավելի շահախնդիր ես. քու շահամոլությունդ աննկարագրելի և անասելի է։

Մասիս. — Դու ի՞նչ ես... քուկին ազգասիրությունդ քանիի կառնեմ, դուն ինձմե շատ ավելի շահամոլ ես, անիրա՜վ։

Նոր Դար. — Անիրավը դուն ես։

— Խիկար. — (Մեկուսի) Երկուքնիդ ալ եք։

— Մասիս ճնճոց։

Նոր Դար. — Դու ես։

Մասիս. — Աշխարհաբար չգիտցող։