Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/258

Այս էջը սրբագրված է

Նոր Դար. — Տրամաբանազո՛ւրկ.

Մասիս. — Անպիտան։

Նոր Դար. — Չպիտո։

Մասիս․ — Դուն ինձի դեմ խոսելու մա՞րդ ես, ես հարյուր հատ Նոր Դար կարժեմ։

Խիկար. — (Մեկուսի) Եթե լուրերդ մուսարանի մեջ դրվին իբրև հնություն։

Նոր Դար Ես հազար Մասիս կարժեմ։

Խիկար․ — (Մեկուսի) Եթե թերթերդ այնպիսի ժողովրդյան մը ձեռք անցնին, որու կառավարությունը կուզե հայերեն լեզուն մոռցնել տալ հայոց։

Մասիս. — Դեռ կը խոսի՞ս:

Նոր Դար․ — Դեռ կը պատասխանե՞ս, կուզես քեզի հիմա երկու ոսկի տալով ազգին անպատվություն չբերող մեկը ծաղրել տամ։

Մասիս․ — Ամենևին, կը մերժեմ, բոլոր ջղային ուժովս բողոքելով կը բողոքեմ, ըսե՛, ե՞րբ ասանկ բան մր ըրած եմ, զո՞վ ծաղրած եմ։

Նոր Դար. — Ի՞նչ գիտնամ, բայց ծաղրած ըլլալդ աղեկ գիտեմ..․ անունը լեզվիս ծայրն է, չեմ կրնար ըսել.․․ մոռցեր եմ։

Մասիս. — Սխալ Է։

Նոր Դար․ — Կեցի՛, կեցի՛, հիմա կը հիշեմ, սա վերջին թիվերուդ մեկուն մեջը չէ՞ր որ, որ, որ,.. Քրիստոստուր էֆենտին ծաղրած էիր, ատենապետությունը շատ ծիծաղելի է ըսելով։

Մասիս. — Քրիստոստուր էֆենտին ազգին անպատվություն չբերո՞ղ է. անիկա անունով միայն հայ է, սրտով օճախեն է, աս խնդիրը գոցե՛, Աստված սիրես, ամենևին չեմ ուզեր սա օճախի խնդրույն վրա խոսիլ։

Նոր Դար. — Ամոթ, ամոթ...

Մասիս. — Նույնիսկ ամոթ ես դու։

Նոր Դար. — Կորի՛ սըկե, տերպետեր:

Մասիս․ — Կորի՜ սրկե անպիտան։