Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/263

Այս էջը սրբագրված է

չորս տարի առաջ երեսուն տանձ կուտայի, այսօր երեք հարյուր կուտամ...

Այդ տանձենին ի՞նչ ունի մեզմե պակաս։

Արդ, եթե չկարողացանք ինքզինքնիս այդ թվականին հարմարցնել գոնե թվականն մեզի հարմարցնենք և գործածենք 1880 նախ քան զՔրիստոս։ Եվ այսպես ընելով կարմրելու պետք մը չենք զգար, մանավանդ թե ուրիշ ազգերու համակրությունն կը գրավենք մեր վրա, ասով մեր չափը ճանչած կըլլանք և ամեն ջանք ի գործ կը դնենք հառաջադիմելու համար, և այն տարին, որ զգալի հառաջադիմություն կընենք, հաջորդ տարվույն վրա փոխանակ 1-ի 10 կավելցնենք, և քառասուն հիսուն տարվան մեջ հասնելով լուսավորյալ ազգերու վիճակին՝ ճակատաբաց կրնանք գործածել անոնց թվականն։


<ԱՆԽՈՐԱԳԻՐ>

— Մայր, դիմացի տունը կէրի կոր։

— Ո՞վ ըսավ, ուռկի՞ց իմացար։

— Բոցերը չե՞ս տեսնար կոր... ամեն մարդ տունը կը պարպե կոր։

— Թող պարպեն, Պատրիարքարանի դիվանատունեն ստուգեցի՞ր։

— Դիվանատունն ի՞նչ կը խառնվի ասանկ բաներու։ Տուներնիս պարպենք, մայր, պիտի էրինք։

— Մինչև որ Պատրիարքարանեն պաշտոնական ծանուցում չհրատարակվի, ես տեղես չեմ երերար.

— Պատրիարքարանն իրեն չվերաբերյալ խնդիրներուն մեջ ի՞նչ գործ ունի։

— Չիյտես որ քանի մը օրե իվեր իրեն չվերաբերյալ խնդիրներով զբաղիլ սկսած է Պատրիարքարանը։ Անցյալ օր չհրատարակե՞ց թե Սիմոն պեյը Կիլիկիո կաթողիկոսին գործակատարն չէ եղած։


Դեղարանի մը մեջ

— Պարոն դեղագործ, մայրս մեկեն ի մեկ հիվանդացավ, կուզեի բժիշկ Շ... տանիլ։

— Այդ բժիշկը ուրբաթ օրերը միայն կուգա այս գեղը։