Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/272

Այս էջը սրբագրված է

որ հույն ուսումնականներ և լեզվագետներ կես փապուճ չեն պարտիր և ծոցերնին ստակ կը մտնե, այն ատեն ալ կըսեմ, ուսմունքն ու լեզվագիտությունն օգտակար է, եթե մեր հայ մեծատուններն ալ հույն մեծատանը նման ընդարձակ գործեր բանալով թե՝ իրենք միլիոններ շահին և թե՛ դպրոցե ելլող տղաք ասպարեզ ունենան։

Այսու հուսով (որովհետև հուսալու ազատություն ալ ունիմք) կը ղրկեմ զավակներս արհեստե և դպրոց կը ղրկեմ, որպեսզի կամ թշվառ ըլլան և կամ մարդ։

Անցյալ օր ազնվական, այսինքն, փարա ունեցող մարդ մը բարկանալով կըսեր՝ «աս ըլլալու բա՞ն է, մուրացկան աղքատ մը տեսա ուշ ատեն ձեռքը ձուկ բռնած տուն կերթար, ո՛չ, ո՛չ, ես ադ աղքատին ա՛լ ողորմություն պիտի չտամ»։

Աս խոսքերը, զոր լսեցի իր ընկերոջը պատմած ատեն, ըսի, «ի՜նչ մեծ բան, աղքատը ձուկ առեր էս, և հետևցուցի, կամ աղքատը մարդ չէ, որ զուրկ ըլլալու է ուտելն և կամ այդ ազնվական կոչվածը մարդ արարածին վրա տարբեր գաղափար ունի եղեր, և այս հետևությամբ գտա որ մարդ զգացումի տեր ըլլալու և մարդ կոչվելու համար կամ ոսկի ունենալու և կամ, եթե չունի, խոտաճարակ ըլլալու է։

Պարոն Ա. շատ բարեկիրթ է (իրավ մոռցա, սիվիլիզե է պիտի ըսեի). ճամբան միշտ պասթոնով կը քալե, ճերմակ ժիլե կը հագնի, քիթին վրա ակնոց և ձեռքն էլտիվեն ունի, պոնժուր, պոնսուարով կը բարևե և ֆրանսերեն օրագիր մ՝ալ միշտ հետը կը պտըտցնե:

Ուստի, կը հետևցնեմ ըսելու, թե կամ խարախուլախի վաճառական է, և կամ Վառնայի վրա հավկիթի գործ կ՝ընե։

Պարոն Պ. մեծախոս է, զուրցվիլը շատ կը սիրե, բարթամություն կը ծախե, մարդու վրա խնդալն ազնվապետականություն կը կարծե (թեև իր վրա ալ կը խնդան միշտ), մարդու և բանի չհավնիր (թեև իրմե զատ իրեն հավնող մ՝ալ չկա), ինքզինքը շատգետի տեղ կը դնե (որովհետև իրեն համար բան գիտե ըսող մը չկա), և իր ոսկիենրան վրա կը պարծի (այդ է իր բոլոր ունեցածը) և իրավունք ունի, որովհետև չուտելով և չտալով գումարի մը տեր եղած է, զոր՝ ըստ տեղվույն և ըստ պարագային առաձգական խեժի նման կընդլայնե ու կընդարձակե։