Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/288

Այս էջը սրբագրված է

թե բառարանն ամբողջացնելե հետո պիտի գովե եղեր զձեզ։ Ո՜հ, խե՜ղճ Գրասեր, բառարանին լմննալուն սպասե, որ գովաբանվիս և փառաբանվիս։ Միթե պարոն Նորայր չէ՞ր կրնար, եթե ուղեր, յուր զբաղմունքեն քանի վարկյան գողնալ զքեզ գովելու համար։ Կրնար, բայց չուզեց։ Աղոթք ընե թող Նորայր, որ քեզի պես հեզահամբույր և համեստ գրասերի մը հետ է գործը, եթե Եվրոպայի մեջ պատահեր այս դեպքը մենամարտության հրավեր կընդուներ. ի՜նչ կը նշանակե մեկե մը գովեստ կորզել և չհատուցանել, կամ առած գովեստները ետ տալու է և կամ անոնց փոխարեն գովեստ կարդալու։

Ա՛հ, սիրելիդ իմ Ատոմ, ինչո՞ւ կը դրվատես դուն ալ այն անձը որմե դրվատվելու մասին երաշխավորություն առած չես կանխավ․․․ դաս մը ըլլա այս դեպքը։ Գոնե ապագային մեջ չխաբվելու համար, եկուր ընկերություն մը կազմենք և իրերագովության վերաբերյալ կանոնագրություն մը խմբագրենք։ Այդ ընկերության դու նախագահե՛, և վերցուր, կաղաչեմ, այդ անպատեհություններն, որ իրերադովական խնդիրներե կը ծագին ամեն օր։

Ես ալ վերջապես համոզվեցա, թե առանց գովեստի ապրիլ կարելի չէ խումը մը մարդոց, ուստի կարգ և կանոն մը դնենք, որպեսզի ամեն մարդ ըստ կանոնադրության զիրար փառավորե։

Գիտցի՛ր, սիրելիդ իմ Ատոմ, եթե հակառակիս այս ընկերության կազմության, գիտցիր, որ պիտի ստիպվիս առաջվան պես ինքզինքդ գովել։