Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/295

Այս էջը սրբագրված է

թե լրագիրը ոմանք՝ որ իրենց սեղանն կը ճոխացնեն հարուստին սեղանեն ինկած փշրանքներով։ Միշտ ըսած եմ իրենց, թե ձեր չափազանց և անիրավ գովեստներով կապականեց անձերն և գործերն։ Ո՞վ մտիկ ըրած ունի. գովեստը հակերով վաճառեցին և այնքան շատ վաճառեցին, որ գովեստի գինը շատ ինկած է այսօր։ Մյուս կողմեն, յուրաքանչյուր ոք արժանյացը համեմատ գովեստեն կը վիրավորվի, խոհարարը կուզե, որ Պեզճյանի քով թաղվի, մեղքերու հավաքածույն՝ հարուստն սրբոց դասը կարգվիլ կուզե, և այս իրարանցումին մեջ ձայն ունիս, մարե, եթե սիրտ ունիս, մաշե՛։ Լավագույն ճամբան, որ առողջապահական ալ է, բնավ միտք չես հոգնեցներ, սիրտ չես հատցներ, մեկդի կը քաշվիս, իրերն ի հեռուստ կը դիտես և կարձանագրես։ Դեռ երեկ, սիրելի Իսոկրատ, տեսա խմբագիր մը, որ հարուստին ետևեն կ՝երթար՝ ուսն առած յուր շողոքորթության կողովը։ Արդեն ամեն մեծատուն սկսած է խոհարարի, մատակարարի կամ սպասավորի պես մեյ-մեկ խմբագիր կամ դասատու վարձել ամսականով։ Թո՛ղ հրճվի այն անձն, որ խարազանի ձեռին հալածեց և կը հալածն դեռ դասատուներն և գրագետներն։ Գալով դասատվաց և խմբագրաց՝ տարակույս չկա, թե իրաց այս վիճակին մեջ չեն կարող ազգին ծառայություններ մատուցանել, ուստի կամ քիչ մը վեր վերնալու են, կամ բոլորովին վերնալու են։

Ի՞նչ կարծիք ունիս մեր ապագային վրա։ Կը հուսա՞ս, որ մարդ ըլլանք օր մը։ Մեր նախահարց արմանի թոռնե՞ր ենք։ Մեր թոռանց արժանի նախահա՞րք ենք։ Կը հավնի՞ք այն ուղղության, որուն կը հետևինք ազգային գործոց մեջ։ Կը խնդա՞ս քիչ մը, երբ տեսնես մեր իրարու գլուխ պատռելը վիճաբանությամբ և երբեմն ալ փատով։ Որո՞ւ իրավունք կուտաս, որու իրավունք չես տար. կարծեմ և ոչ միույն, եթե եք որպես պարտիք ըլլալ. ի քեզ, տիկին, միայն հուսացած են։ Ամեն բան քեզի կը հանձնեն ամեն օր, անոնք, որ չկրնալով իրենց կարծյաց հաղթությունը տեսնել կը պոռան հուսաբեկ. «Պատմությունը թո՛ղ դատե»։ Իսկ անոնք, որ մեծամասնություն կը կազմեն և իրենց բաղձանացը համաձայն կը կարգադրեն ամեն բան, ոչ միայն բնավ երկյուղ չունին քեզմե, այլ նաև երբեմն կը ծաղրեն ալ զքեզ, ըսելով իրենց հակառակորդաց. «Դուք ալ պատմության հանձնեցեք ձեր դատը»։ Իսկ դու, տիկի՛ն, որ անաչառաբար կր դատես մարդերը, չեմ կարծեր, որ ինձմե և իմ բաժանորդներես ավելի աղեկ մարդիկ կարենաս գտնել։