Այս է իմ հավտտքս և հավատքիս մեջ սխալած չեմ ցարդ։ Ուստի, ներեցե՛ք ինձ, երբեմն երբեմն գրել ձեզ մեր ազգային գործոց մասին և իմ խոնարհ կարծիքներս հայտնել անոնց վրա։
Այս անգամ եթե կը հաճիս, բանաստեղծներե սկսինք։
ԵՎ մեծ բանաստեղծին գալուստն էր այսպես։
Տեսա անոր աստղը հարեվելս և գնացի հարցնել.
— Ո՞ւր է, որ եկավ հայոց բանաստեղծը։
— Այսօր Բերա կը նախաճաշե։
Բերա կը վազեմ, որպեսզի տեսնեմ զինքն ու ոսկի և կնդրուկ և զմուռս մատուցանեմ իրեն։
— Հիմա ճաշելու գնաց Վոսփոր։
Վոսփոր կը ճանապարհորդեմ և կը հարցնեմ.
— Ո՞ւր է, որ կը ճաշե։
— Իշխանաց կղզին պիտի ընթրե այսօր։
Հետևյալ օրն շոգենավ կը մտնեմ, կղզին կերթամ ու կը հարցնեմ միշտ.
— Ո՞ւր է, որ կուտե և կը խմե։
— Քաղկեդոն անցավ ճաշելու։
— Կերակուր ուտելո՞ւ համար եկավ մայրաքաղաքս։
— Ո՛չ, բայց հարուստները թող չեն տար զինքը։
Քաղկեդոն կ՝անցնիմ և կը հարցնեմ շարունակ.
— Ո՞ւր է, որ չեկավ։
— Հիմա Բերա գնաց, կերակուրի հրավիրված է։ Վաղը կը մեկնի կոր... մեկնեցավ։
Զրկվեցա, տիկին, բանաստեղծը տեսնելու բախտեն, սակայն ուրախացա տեսնելով, թե ազգային մեծատունները կամաց կամաց կը վարժվին քերթողները հյուրասիրելու և կշտացնելու, թեև տեղական բանաստեղծներն անոթի են։ Կը ցավիմ միայն, թե չկրցի դասատուներն, հեղինակներե և խմբագիրներն շրջապատված սեղան մը տալ և ցույց տալ իրեն հոն, որպես ի ջինջ հայելվոջ բարեհաճի հագուրդ տալ մեր փափագնաց։ Այս անգամ մեծ բանաստեղծն հագուրդ տվավ միայն յուր որովայնին, անոթի պահելով մեր փափագներն և մեկնեցավ ուսումնասիրելով ազգային խոհարարները։
Մեկնեցավ փուշերե և դափնիներե հյուսված պսակով մը։