Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/33

Այս էջը սրբագրված է

պատմվիմ, բայց կրոնական ըլլամ նե՝ ոչ թե միայն չեմ պատժվիր այլ կը վարձատրվիմ ալ։

— Ես ատոր չեմ հավատար։

— Չե՞ս հավատար, վարդապետ ըլլալու էի, կնկան մը քծնելու էի և քծնելուս ի վարձատրություն գավառի մը առաջնորդ ընտրվելու էի, որ դուն ալ տեսնայիր։

— Անկարելի բան է։

— Անկարելի՞ է մի... Նարլը-Քաբուի նախկին քարոզիչը ասկից առաջ ինչո՞ւ համար Ռոտոսթո առաջնորդ ղրկեցին¹։

— Որովհետև ուսումնական էր․․․։

— Հա՛, հա՛, հա՛։

— Որովհետև դաստիարակյալ էր․․․։

— Հա՛, հա՛, հա՛։

— Որովհետև սրբակրոն քարոզիչ մ՝էր..․։

— Հա՛, հա՛, հա՛։

— Ինչու՞ կը խնդաս կոր, զիս կը ծաղրե՞ս կոր։

— Ոչ, որովհետև քու ըսածներուդ և ոչ մեկն էր։

— Ինչու՞ ուրեմն ղրկեցին։

— Որովհետև Նարլը Քաբու առաքինավայել գործ մը տեսավ, Պատրիարքարանն ալ զայն վարձատրելու համար Ռոտոսթո ղրկեց։

— Վերջեն ինչու՞ հոնկից բերել տվավ։

— Ո՞վ գիտե, հոն ալ հարկավ շատ կարգադրություններ ըրավ, գավառը բարեկարգեց, և հոն բարեկարգիչի պետք չըլլալուն՝ Պատրիարքարանը հոս բերել տվավ զինքը և հիմա ավելի բարձր պաշտոններ տվավ իրեն։

— Ըսել է որ, ես ալ առաքինավայել գործ մը տեսնեի նե այսօրվան օրս բարձր պաշտոններու հասած վարդապետ մը պիտի ըլլայի Եղնիկ վարդապետի պես...։

— Ատոր տարակո՞ւյս կա, բայց նայելու ես, որ առաքինավայել գործ մը ըրած միջոցիդ գլուխդ վեղար ըլլա, ապա թե ոչ երեք տարի բանտարկության կերթաս։

— Ատ ի՞նչ ըսել է։

— Սա ըսել է, որ ինչ որ մոլություն կը համարվի աշխարհականի մը համար, առաքինություն կը սեպվի կրոնավորաց ոմանց համար. բայց վերջապես այս մոլություններն ընելու ես, եթե կ՝ուզես բարձր պաշտոններու հասնիլ։ Ահավասիկ Եղնիկ վարդապետը, այսօր Քում Քաբուի դրսի քարոզիչն է, ո՞վ գիտե, որ վաղը