Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/337

Այս էջը սրբագրված է

առնել իսպառ ջնջելու համար ամուրիությունն, որ ազգին կը վնասն ուղղակի։

Ազգու միջոցներեն ազդուագույնն կը թվի մեզ հետևյալն, որ կը բաղկանա քանի մը հոդվածներե։

Ա. — Ամուրիներն կը ղրկվին ընտրող և ընտրելի ըլլալու իրավունքե:

Բ. — Կարող ամուրիներն պարտավոր են կամ ամուսնանալ և կամ ամուսնական տուրք մը վճարել ամեն տարի։

Գ․ — Այս տուրքեն գոյացած գումարն աղքատ ամուրիներու ամուսնության կը հատկացվի։

Դ. — Ամուրիներու հետ խոսիլն խստիվ արգիլված է աղջիկներու։

Ե. — Դ. հոդվածին չհամակերպող աղջիկն կը զրկվի ամուսնության իրավունքեն.

Զ․ — Ամուրիներն չեն կրնար բնավ պարի մասնակցիլ։

է. — Ամեն ամուսնացյալ ազատ է յուր ուզած աղջկան կամ կնկան հետ պարել, երգել, ցատկել և խմել։

Ը. — Ամուրիներուն անուններն լրագրաց միջոցով հրատարակել ամեն տարի։

Մեզ այնպես կը թվի, թե վեցերորդ հոդվածին տրամադրությունն միայն տարին հազար ամուրիներ ամուսնության կը հարկադրե, և եթե անաչառությամբ ի գործ դրվին վերոգրյալ հոդվածներն՝ լիահույսենք, որ կարճ միջոցի մեջ ամուրիությունն մեծ հարված կընդունի ի պատիվ և ի փառս ամուսնության, որու վրա այնքան գեղեցիկ ոտանավորներ գրված են։


ԺԱՄԱՆԱԿԻՍ ՊԱՀԱՆՋՄԱՆՑ ՀԱՄԱՁԱՅՆ ԿՐԹԱԿԱՆ

ԾՐԱԳԻՐ ՄԸ

Մեր նախահարք և մեր նախահարց նախահարք, առանց ուսումնասիրած լինելու Սբենսերի Դաստիարակությունն, նախ արհեստ ուսանելու կը հետամտեին և ապա իրենց պարապո ժամերուն մեջ կը զվարճանային իրարու հետ նարտ խաղալով և կռիվ ընելով։ Անոնց մանկության առաջին հառաչանքն կաթի համար էր և երկրորդն խաղալիքի համար։ Մեր բարեհիշատակ նախահարք՝ որոնց չենք հավնիր մենք լուսավորյալքս՝ խոսքով և գործով կը հաստատեին սա ճշմարտությունն, թե նախ սնունդ և ապա