Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/358

Այս էջը սրբագրված է

5 Օգոստոս

Սամաթիո սուրբ Գևորգ եկեղեցվո հիմնարկության հանդեսն կատարվեցավ ի ներկայության բազմաթիվ ազգայնոց։

Եղիա Էֆենտի Տեմիրճիպաշյան Խասգյուղի սուրբ Ներսեսյան վարժարանաց մրցանակաբաշխության հանդեսն գնացած լինելով ատենաբանելու, ժամանակ չունեցավ սույն հանդեսին մեջ ատենախոսելու։


6 Օգոստոս

Կիլիկիո կաթողիկոսն չարաչար կը հալածե եղեր Ատանայի Եկեղեցասիրաց ընկերությունը։

Ազգային լրագիրք գրեթե միաբանեած են Կիլիկիո Կաթողիկոսին հալածել տալ նույնիսկ ամենեն ավելի անհալածելի բաներ. Ժամանակ եղած է, որ լրագրի մը նայելով, նորին ամենապատվությունն հալածած է նույնիսկ յուր շուքն։

Լավ, բայց այս բարձրաստիճան եկեղեցականը գոնե օր մը, ժամ մը, վայրկյան մը հալածված չէ՞ ուրիշներն։


7 Օգոստոս

Կաթողիկոսական խնդիրն, կըսե, Արձագանք դիվանական մթության մեջ ծածկված է։


8 Օգոստոս

Լրագիրը պարապ խոսքերով լցված են։

Քաղաքական ժողովն գումարվեցավ և շատ մը տնօրենություններ ըրավ։


9 Օգոստոս

Արեվելքի մեջ օգտակար խրատ մը չկա այսօր։

Վանորեից խորհուրդն յուր օրակարգն մաքրած ըլլալով՝ այսօր նիստ ըլլավ։

Այս կը նշանակե, թե վանքերն բարեկարգության շավղին մեջ մտած են, և այլ ևս պետք չկա անոնց համար խորհրդակցելու։


10 Օգոստոս

Բերայի գերեզմանատան Հանձնախումբն մեծ գործունեյությամբ կը կատարե յուր պաշտոնը։