Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/359

Այս էջը սրբագրված է

Կըսվի, թե այս հանձնախումբն կանոնագիր մալ պատրաստած է մեռելներու համար, այնպես որ ամեն ննջեցյալ չպիտի կրնա, առաջվան պես, յուր ուզած տեղը պառկիլ, և մանավանդ յուր ուզած ժամանակը մեռնիլ։ Մեռնողները պարտավոր պիտի ըլլան տուրք մը վճարել իրենց կարողությանը համեմատ և այն ալ մեռնելեն առաջ։ Լավ փոսերն հարուստներու պիտի հատկացվին, իսկ աղքատներն չպիտի կրնան իրենց ոտքերն երկնցնելով հանգիստ պառկիլ, իրենց փոսին երկայնությանը պիտի հավասարեցնեն իրենց հասակը։ Միջին դասու համար ալ զատ թաղ մը պիտի սահմանվի, և այս թաղին օդն բարձր դասուն օդին չափ առողջարար չպիտի լինի բնականաբար։ Այս մասին ուրիշ շատ զրույցներ ևս կը լսվին, բայց մենք կանոնադրությունն չտեսած՝ չենք ուզեր կարծիք հայտնել։ Չը մոռնանք աստ հիշելու, թե լրագիրք ոմանք ամենամեծ գովեստով կը խոսին Հանձնախումբին- վրա և համոզված են արդեն, թե Բերայի գերեզմանատունն յուր մեռյալներովն օրինակելի տիպար մը պիտի հանդիսանա ուրիշ գերեզմանատուններու։

Մենք ալ կը մաղթենք և կաղոթենք, որ Հանձնախումբին քրտնաթոր վաստակներն առատորեն պսակվին, և ազգն ալ մխիթարվի տեսնելով՝ որ եթե ոչ յուր վարժարաններն, գոնե յուր գերեզմաններն բարեկարգ վիճակի մեջ կը գտնվին։


11 Օգոստոս

Երուսաղեմի պարտուց բարձման ի նպաստ հանգանակության խնդիրն հառաջիկա ուրբաթ ևս չպիտի կրնա ներկայացվիլ Ազգային ժողովույն, որովհետև բազում տեղեկություններ կը պակսին դեռ։


12 Օգոստոս

Նշանակության արժանի դեպք մը չկա։


13 Օգոստոս

Մեր մտերիմներեն մին դիտել կուտա մեզ՝ թե Խիկար միշտ միևնույն զեղծմանց կուղղե յուր նետերն։

Իրավունք կունենար մեր մտերիմն, եթե միշտ միևնույն զեղծումներն չկրկնվեին ամեն օր։