Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/369

Այս էջը սրբագրված է

Մեծապատիվ ավետարանիչ և յուր ընդդիմաբանն ազատ են ճշմարտությունը կոտորակեր համարիչ ճշմարտության և հայտարար ստության խորագրով տետրակներ հրատարակել և արքայութեան ճամբան հարթել հավատացելոց առջև։ Միայն թե Շիշմանյան ավետարանիչին Կետիկ փաշա բնակիլն և յուր ավետարանն վաթսուն փարայի վաճառելն ավետարանչական պաշտոնին փափկությանը վնաս կը բերեն քիչ մը։ Մյուս ավետարանիչներն ոչ Կետիկ փաշա կը բնակեին, և ոչ ալ վաթսուն փարայի կը վաճառեին իրենց ավետարանն։ Կերևա, որ Շիշմանյան ավետարանիչն յուր ավետարանին հասույթովն ապրելու հարկադրված Է, և այս վիճակին մեջ մեծապատիվ ավետարանիչ Էֆենտին պիտի ստիպվի, յուր ավետարանն ամենուն հաճելի ընելու աշխատիլ և հետևապես, ավետարանիչե մը պահանջված անաչառութենե շեղիլ երբեմն։

Սպասելով այս ավետարանին հրատարակության, հաջողություն և կարողություն կը մաղթենք մեծապատիվ ավետարանչին և յուր ընթերցողաց։


5 Սեպտեմբեր

Արևելքի տնօրենությունն պատիվ ունի ծանուցանել, թե պատրաստ Է ամեն այն դյուրություն ընծայել և փաստաբաններ կարգել օրիորդ Նարկիզին ծնողաց համար, որպեսզի կարենան իրենց դատն արդարությամբ առաջ տանիլ։

Արևելք յուր պաշտոնին սահմանեն դուրս կելնե այս ծանուցմամբն։ Նմանօրինակ վեճեր ամեն օր, ամեն տեղ կը պատահին, և եթե Արևելք ամեն դատի համար փաստաբան կարգելու պարտականություն ստանձնե՝ փաստաբանության գրասենյակ մալ բանալու կստիպվի։ Շատ իսկ է եթե Արևելք կարենա Արևմտյան կողմը չգտնվի ազգային խնդրոց մեջ:

Մենք չենք կարծեր, որ Արևելք օրիորդ կամ տիկին Նարկիզի խնդիրն պաշտպանելով այնչափ մեծ ժողովրդականություն վաստկի, որքան կարծեց Արևելքի պատվարժան տնօրենությունն յուր վերջընթեր նիստին մեջ։

Բերայի հրկիզելոց խնդրույն պաշտպանությանը մեջ ավելի ժողովրդականություն վաստկելու հույս կա։ Եվ զարմանալի Է, որ Արևելքի պատվարժան տնօրենությունն այս խնդրույն համար փաստաբան կարգած չէ ցարդ։