Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/373

Այս էջը սրբագրված է

14 Սոպտեմբեր

Բանաստեղծը ոմանք, երբ կորուսնեն իրենց կինն, զոր իրենց հոգվույն հատորն կը կոչեին և որուն զոհել կը կարծվեին նույնիսկ իրենց կյանքն, անմիջապես հնգավանկ ոտանավոր մը կամ տաղ մը կամ քերթված մը կամ դյուցազներգություն մը կը հրատարակեն և կը վազեն ուրիշ կնկան մը հետ կարգվելու, այսինքն հոգվո երկրորդ հատոր մը գնելու։

Երանի բանաստեղծից ոմանց, որ հնգոտն տաղով մը գիտեն սփոփանք և մխիթարություն գտնել իրենց ցավոց։

Այս բանաստեղծից ոմանց հոգին ո՞րքան հատորներ ունի։

Ասոնց սերն ո՞րքան շուտ կը ծնի և որքան վաղ կը մեռնի։ Միթե բանաստեղծի մը սերն յուր առարկային հող դառնալն տեսնելուն պես մոխի՞ր դառնալու Է.․․

Ըստ այս բանաստեղծից ոմանց պուետ մը կրնա քսան կնկան հետ ամուսնանալ և ամենուն վրա մեյմեկ տաղ գրելով զանոնք սիրած ըլլալ, որպես Պողոս զՎիրգինիա։

Այս տեսակ բանաստեղծությունն ըստ իս ուրիշ բան չէ, եթե ոչ հանգավոր վայրենություն։


15 Սեպտեմբեր

Պարոն Սուրենյան անցյալ տարի Մնակյան ժառանգության և Բերայի հրկիզելոց հաշվույն վերաբերյալ հարցումներ ըրած էր Ազգային ժողովո մեջ և Բարիզ ուղևորված Էր իրավագիտություն ուսանելու: Պարոն Սուրենյան այժմ դարձած լինելով Բարիզեն, երեկվան ժողովույն մեջ գրավոր կերպով խնդրեց, որ այդ հարցմանց պատասխաններուն հապաղման պատճառն հայտներ Ազգային վարչությունն։

Այս խնդիրն Վարչության հղվեցավ։

Պարոն Սուրենյան կրնա յուր դասերն շարունակել ի Բարիզ և գալ տարի նորեն հարցնել այդ պատասխաններուն հապաղման պատճառն։


16 Սեպտեմբեր

Երուսաղեմի պարտուց խնդիրն միշտ կը պատրաստվի Ազգային ժողովո ներկայանալու պատիվն ունենալու։