Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/378

Այս էջը սրբագրված է

Մեկ քառակուսի մեթրոյի համար բարձր են այս գները. ոչ ոք, մանավանդ ներկա դրամական տագնապին մեջ, կրնա այդ գներով կալված գնել։ Չմոռնանք ըսել, թե ննջեցյալի մը շատ նպաստավոր չէ քառակուսի մեթրոյի չափը, կես մեթրո փոսի մը մեջ ալ կրնա հանգիստ պառկիլ ննջեցյալ մը, որ հավիտենական քնույն մեջ այս կողմ կամ այն կողմ դառնալու պետք չունի, այլ է եթե հանձնախումբն ամբողջ գերեզմանատունը վաճառելու եռանդով ողջ ազգայիններն ալ թաղելու միտք ունի։

Հոդված 4-ին շնորհիվ եկեղեցականք իրավունք ունին ետ մահվան թաղվիլ՝ առանց տուրք վճարելու, բայց անոնց պարագաներն և ազգականներն պարտավոր են սահմանված փոխարինությունն հատուցանել։

Մյուս հոդվածներուն մեջ գծված է հանձնախումբին պաշտոնն, որ է հանգանակություն, կտակ, նվեր և ամեն տեսակ հասույթներն օրինական տրամադրությանց համաձայն գանձել և գերեզմանատան վերաբերյալ շինությանց ծախքերն հոգալ, յուր հաշիվն տարվե տարի ներկայել առ թաղային խորհուրդն, գերեզմանատունն պայծառացնել ու շեն պահել, ննջեցյալներն պատվասիրել, գերեզմանատան մեջ ներքին ուղիներր շինել, ջրանցքներ բանալ, երկաթուղիներ շինել, գործարաններ հաստատել. և այլն, և այլն, և այլն։

Մենք կը փափագեինք, որ սույն հանձնախումբին անդամները մեռյալներե ընտրվեին և անոնց հանձնվեր կարգադրել իրենց վիճակակիցներուն գործն։ Մենք կը փափագեինք, որ ազգայինք բոլոր ուժն սպառեին նախ բարեկարգելու համար այն հաստատություններն, որոնցմե պիտի բխի մեզ կյանք և լույս, և քիչ կարևորություն տային կարգ ու կանոն դնելու դիակներու պանդոկին մեջ, հորում, գոնե թույլ տրվելու է ամեն անհատի հանգստանալ ինչպես որ կը փափագի և որուն, գոնե մուտքն ազատ լինելու է հավասարապես ամենուն, և որուն դռնեն, գոնե չմտնեին կարծեցյալ ազնվականությունն և հարստությունն, որ այսքան չարիք կը հասցունեն ազգին գլխուն։

Անոնց, որ կը կարծեն թե մեր դիակներն քաղաքակիրթ ազգաց դիակներուն պես թաղելով մեր դրացի ազգաց համակրությունն կը հրապուրեմք, անոնց՝ որոնց ջիղերուն չդիպչիր եկեղեցիի մեջ տեղ դնել, գերեզմանատան մեջ գետին ծախու առնել, արքայության մեջ կալված դնել, անոնց՝ որ չեն ուզեր իրենց ազնվաշուք դիակաց անշուք դիակի մը քով դրվիլն, անոնց՝ կըսեմ․