Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/384

Այս էջը սրբագրված է

ԱՔԱՂԱՂԻՆ ՄԱՏԹԵՈՍԸ ԿԱՄ ԿԱԼԻՇԱՀՆՈՒՐ

Ժամանակով ոմն Մաթիաս անուն՝ աքաղաղի դատ մը կը բանա մեկու մը դեմ և յուր դատին փաստաբանությունն իրավագետի մը կը հանձնե։ Դատավորության միջոցին իրավաբանն շարունակ Մաթիաս և աքաղաղ բառերն կրկնելով՝ կը շփոթի և Մաթիասին աքաղաղն ըսելու տեղ սխալմամբ աքաղաղին Մաթիասը կըսե։ Ուստի, գաղղիացիք այս երկու բառերն բարդելով կալիմաթիա բառը կը շինեն և զայն կը գործածեն ցարդ այնպիսի խոսքերու կամ դրությանց համար, որ շփոթ, մութ և անիմաստ լինելով բան մը հասկցնել կուզեն։ Վոլթեռ այս բառն կալիթոմայի դարձուցած է երբեմն, Թոմա անուն հեղինակի մը մեկ գործին ուռուցիկ աճն ակնարկել ուզելով։ Խիկար ևս Վոլթեռի հետևելով որոշեց կալիշահնուր կոչել այսուհետև այն խորհրդածություններն, ծրագիրներն, թղթակցություններն և հոդվածներն, որ անոնց հեղինակացը միայն թափանցելի և իմանալի են և կամ յուղ կը հոտին։

Կալիմաթիա բառին համառոտ կենսագրությունն պետք էր հոս դնել, մանավանդ անոնց համար, որ առիթ ունեցած չեն անոր ստուգաբանությունն կարդալու։

Եվ նախ կալիշահնուրի սքանչելի օրինակ մը կրնա համարվիլ Արևելյան Մամլո անցյալ տարվա սեպտեմբեր ամսաթերթին մեջ, զոր ամսույս 19-են ստանալու պատիվն ունեցանք, Շահնուր ստորագրությամբ հրատարակված թղթակցության մը վերջին մասն՝ զոր լուծելու համար հարյուր Շահնուրներե բաղկացյալ ժողով միսկ տկար է։ «Լապտեր Դիոգենեսյան, թեթևություն, կոկողավիզ աքաղաղ, քննադատություն, Խիկար, աքաղաղին թևերը, ահարկու երգիծաբան, վես աքաղաղ, վառյակ, թրջած ու փետտած հավ»-երով լեցուն հատված մը կամ, լավ ևս, հավնոց մէ... Թղթակիցն, որուն հարգո կըսեին երբեմն, Պոլսեցոց թեթևության պատճառները քննելու համար —— կարծեմ —— հանձնաժողով մը կազմել կառաջարկե և այս պաշտոնն Լապտեր Դիոգենյանի հանձնելու տրամադիր կը թվի։ Նա կը փափագի Խիկարն աջակից տալ Լապտեր Դիոգենյանի, բայց հակասության մեջ իջնալու երկյուղով, չփափագիր Խիկարն աջակից տալ Լապտեր Դիոգենյանի: Նա կը կարծե, թե Խիկար վերջին օրերս թեթևության շոշափելի նշաններով երևցած, թե Խիկար վերջին օրերս թեթևություն շոշափելի նշաններով երևցած լինի, որովհետև անաչառ քննադատություն մը կրնա ցույց տալ Շահնուրին, թե շոշափելի նշաններն ծանրության են։ Եվ հանկարծ... Թղթակիցն, որ խոհեմ և անաչառ կը կարծվեր