Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/394

Այս էջը սրբագրված է

այն երեսփոխաններ միայն չպիտի ստորագրեն, որ ժողովույն հարգը կոտրել կուզեն, կենսական խնդիրներ ետ թողուլ կաշխատին, Ազգային ժողովո նիստերն արդյունավորել չեն փափագիր, Ազգային Սահմանադրության հիմնական սկզբանց կը հակառակին, ներքին կանոնագրի տրամադրությունները չեն ընդունիր, Հայաստանյայց եկեղեցվո կանոնաց դեմ կըմբոստանան և տերության ընդհանուր օրինաց չեն հպատակիը։

Չենք կարծեր, որ գտնվի երեսփոխան մոր վարանի յուր ստորագրությունն դնել ասանկ հիանալի հայտագրի մը։ Հետևապես, ամեն երեսփոխան պիտի ստիպվի հարիլ այս միության, և այս միությամբ ուրիշ բան ըրած չպիտի ըլլանք, այլ միայն Ազգային ժողովո Հառաջադիմական միություն անունն տված պիտի ըլլանք։

Եվ ի՞նչ պիտի ընե այս Հառաջադիմական միությունն։

Նախապատրաստական գումարումներ պիտի ընե, այսինքն օր մը առաջ պիտի սկսի Ազգային ժողովո ժամերն անկարևոր խնդիրներու վիճաբանությանց և թյուրիմացությանց զոհելու, ժողովույն հարգը նվազեցնելու, կենսական խնդիրներն ետ թողլու և վարչական մեքենան տկարացնելու։ Եթե համոզում չգոյանա՝ երկրորդապատրաստական գումարում մը պիտի ընե և վերջապես պիտի շարունակե յուր.․․ պատրաստական գումարումները մինչև որ համոզում գոյանա։ Ազգային գործերը միշտ ետ պիտի մնան, միայն թե ազգային երեսփոխանը ազգային ժողովո մեջ ժամավաճառ ըլլալու տեղ նախապատրաստական գումարման մեջ ժամանակ պիտի անցունեն և ազգային սնտուկն պիտի ազատեն ժամավաճառության ատենագրությանց տպագրության ծախքեն։ Իսկ եթե համոզում գոյանա, նույն օրն երկու երեսփոխաններ պիտի ընտրվին և պաշտոն պիտի տրվի անոնց հետևյալ. օրն ժողովո մեջ թեր ու դեմ խոսիլ, որպեսզի ունկնդիր ժողովուրդն լսե. և հետո միաձայն հավանությամբ օր մառաջ տրված որոշումն պիտի տրվի։ Այս պարագային մեջ ալ օրվան մը կորուստ կա, որովհետև այն խնդիրն, որ կը լուծվի նախապատրաստական գումարման մեջ՝ կրնա յուր լուծումն ստանալ Ազգային ժողովո մեկ նիստին մեջ. հետևապես նախապատրաստականն ավելորդ է։

Ի՞նչ է ուրեմն Հառաջդիմական ընկերության նպատակն։

Սատանան առնե մեղքը, բայց կըսվի, թե երկաթապետական, կտավապետական և բրդապետական միությունն ամրացնել է նպատակն։ Եթե Հառաջդիմական միությունն բացորոշ կերպիվ