Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/406

Այս էջը սրբագրված է

Կամ արևուն մնայք բարյավ ըսած ժամանակն ինչո՞ւ անոր ձեռքը չթոթվեր։

Եվ սակայն հուսալի է, որ քիչ ատենեն այս արարողություններն ալ կատարվին։

Այս բարևներն ու մնայք բարյավներն շատ ախորժելի թվեցան ինձ, և որոշեցի որ այսուհետև Խիկարին ամեն հոդվածին մեջ սանկ քանի մը հատ գտնվին անոնցմե։ Մեր որոշումն հարգենք ուրեմն ներկա հոդվածիս մեջ ալ, բարև՛, Բերայի Հրկիզելոց խնդիր՝, բարև՛, կաթողիկոսական ընտրություն, բարև՛, Մնակյան խնդիրք, բարև՛, հառաջադիմական բեմական միություն։

Մնա՛յք բարյավ, անիրավություն, մնա՛յք բարյավ, քսությո՜ւն, մնա՛յք բարյավ, պաշտոնական գողությո՛ւն, մնա՛յք բարյավ, հարստապետությո՛ւն, մնա՜յք բարյավ, տարեցին չվճարող բաժանորդագրություն.․․


ԿՈՐՈԻՍՅԱԼ ԴՐԱԽՏՆ ԳՏՆԵԼՈՒ

ԴՅՈԻՐԻՆ ՄԻՋՈՑ ՄԸ

Խիկար պատիվ ունի ծանուցանել եկեղեցվո մեջ թաղվելու փափագող ազգայնոց, թե Կ․ Պոլիս․․․ ի եկեղեցին ընդարձակ և օդասուն գետին մ՝ունի ուր պատրաստ է թաղելու իրեն դիմող ազգայիններն։ 200-250 ոսկվո գումարով կարելի է դնել հոն երեք կանգուն գետին։ Եվ այս գումարն վճարելու հանձնառու ամեն անհատ կարող է հոն պառկելու։ Արդարև ժամանակավ եկեղեցվո մեջ կը թաղվեին այն անձերն, որ իրենց բարեգործություններովն և առ ազգն մատուցած նշանավոր ծառայություններովն երևելի հանդիսացած էին, թայց այդ սովորությունն, որուն վնասակար ըլլալն հետզհետե հասկցված է, բարձված է, և այժմ եկեղեցվո մեջ թաղվելու իրավունք ունին նույնիսկ այն անձերն, որ ոչ թե միայն ազգին բարիք չեն գործած, այլ բավական հարստություն ունենալով հանդերձ թույլ տված են, որ իրենց եղբայրը պանդխտության մեջ անոթի մեռնի, իրենց ազգականներն Ազգային հիվանդանոցին՝ մեջ սպասավորություն ընեն։

Մարդասպաններն իսկ կարող են հիշյալ գումարով եկղեցվո մեջ թաղվիլ։ Ինչպես վերը ըսինք, երբեմն նշանավոր ծառայություններ կը փնտրվեին ննջեցյալեն, այժմ ննջեցյալին գրպաններն կը փնտրվին ոսկիներ պահանջելու համար։ Դյուրին միջոց մ՝է այս և բարեպատեհ առիթ մարքայություն երթալու համար,