Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/408

Այս էջը սրբագրված է

— Երկրորդը չենք ընդուներ բնավ, չենք խոնարհիր Աստված մի արասցե։

— Չեք խոնարհիր, բայց մեկ մարդն ամեն օր կաթողիկոս պիտի ընտրել տա մեզի։

— Չկրնար, ժամանակները փոխված են, դարս ազատության դար է։

— Անանկ է, գիտեմ, բայց աթոռը թափուր է այսքան ժամանակե ի վեր։

— Վնաս չունի։ Խոնարհի՞լ, բնավ երբեք։

— Ազգային իրավունքներն և շահերն, զոր պաշտպանել կուզենք, կծիկը կը դնեն կոր կամաց կամաց։

— Կը բողոքենք առ որ անկ է։ Մեր ձեռքը բողոք մունինք որ..․

— Այո՛, կը բողոքենք, բայց բողոքն ազդոլ ըլլալու համար...

— Մեր բոլոր ուժովը կը բողոքենք... բողոքն անանկ զենք մէ որ..․

— Բայց․..

— Մեկ կողմեն անմիջական տնօրենություն կը խնդրենք, և մյուս կողմեն կը շարունակենք մեր բողոքն։

— Այո՛։

— Լրագրաց մեջ շանթահար հոդվածներ կ՝ուղղենք...

— Հասկցա... որ ռումբի պես երթան պայթին անոր գլխուն վրա։

— Ամեն օր կը բողոքենք, կը պոռանք, կը կանչենք։ Ի՞նչ ըսել է, կըսենք, մեր եկեղեցվույն մեջ կը մտնե կոր, ի՞նչ իրավունք ունի, կը պոռանք, մեր քվեին խառնվելու. ինչո՞ւ համար, կը գոչենք, թույլ չտար որ մեր ընտրության եղանակն գործադրենք, կըսենք, էֆենտիմ, ասոնք կըսենք, փառք Աստուծո, լեզո՞ւ չունինք. բերա՞ն չունինք, խո՞սք չունինք՛ պատասխա՞ն չունինք։

— Ես կարծեմ թե ասոնք ըսինք ու լմնցուցինք։

— Դարձյալ ըսելու է, կրկնելու է, մինչև որ լսվի: Զիջումը վատություն է, պաշտոնական կերպով որոշում տաք է ետ երթալու։

— Բողոքով ետ երթալ կ՛ուզեր։

— Բողոքը հառաջադիմության նշան է միշտ, և կը զարմանամ, թե ձեր առջև բնավ նշանակություն չունի բողոքն, դուք բողոքն խաղայիկ կը կարծեք կոր. բողոքն անանկ բան մէ, որ...

— Կզգամ թե...