Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/411

Այս էջը սրբագրված է

գործիք թերթն անցյալ տարի վախցավ հրատարակել, ինչ որ կը հրատարակե այսօր, վախցավ, զի մի գուցե յուր կաթողիկոսցուին փառքն նսեմանա, և մթության մեջ թաղել ուղեղ այն անձն՝ զոր իրավամբ մեր սուրբ հայրապետաց արժանի հաջորդ կը գոչե Հայրենիք: Հարուստներն շատ չեն սիրեր զԽրիմյան, որ նույնպես չափեն ավելի չհարգեր զանոնք։ Խրիմյանն ժողովրդական է և ուրախ ենք տեսնելով, թե ժողովրդյան ձայնն կը խղդե հարուստներունը, և ժողովրդական լրագրի մը՝ այս է Հայրենիքի ընտրելին ամիրաներու ալ ընտրելին կը լինի քանի մը օր ետքը։


ԱՌ 1884—Ի ԲԱԺԱՆՈՐԴՍ «ԽԻԿԱՐԻ»

Նոր տարվույն առթիվ Խիկար թեև խոստացած էր յուր 1884-ի բաժանորդաց հետզհետե տալ նույն թվականի հոկտեմբերի, նոյեմբերի և դեկտեմբերի թերթերն և մյուս կողմեն շարունակել կանոնավորապես յուր երկրորդ շրջանն, սակայն նկատելով որ բաժանորդը մեծ մասամբ տասն և մեկ թերթ ստանալեն հետո ես կը դժկամակին բաժանորդագին վճարել ի հաշիվ առաջին շրջանին, և, հետևապես երկու տարիեն ետքը պիտի բարեհաճին երկրորդ շրջանին բաժանորդագինը ղրկել մեզ, ստիպվեցանք նոր տնօրինությամբ, միանգամ ընդմիշտ կարգադրել մեր բաժանորդական խնդիրն։

Արդ, պատիվ ունինք ծանուցանել Խիկարի 1884-ի բաժանորդաց, թե ներկա թերթով — որ կը լրացնե շրջանի մը թիվերն, այն է 12 թերթ — կավարտենք Խիկարի առաջին շրջանն, և կը խնդրենք մեր մեծապատիվ 1884-ի բաժանորդաց մեծամասնութենեն, որ բարեհաճին, կամ շնորհ ընեն, կամ ողորմին իրենց պարտքն անհապաղ ղրկել մեզ։


ԱՌ 1885—Ի ԲԱԺԱՆՈՐԴՍ «ԽԻԿԱՐԻ»

Պատիվ ունինք ծանուցանել, թե Խիկարի բաժանորդագրությունն դադրած է սկսյալ նորա հաջորդ թիվեն։ Այն անձերն միայն կընդունվին բաժանորդադրության, որ քաջություն կունենան իրենց բաժանորդագինն կանխիկ վճարել։ Ավեքորդ է ըսել, թե ապրիլեն սկսյալ թերթ պիտի ղրկվի այն բաժանորդաց միայն, որ բաժանորդագինն հատուցած են։ Նոր բաժանորդներն կաղաչվին ուրեմն, 1885-ի հունվարի, փետրվարի և մարտի թերթերուն