Էջ:Hagop Baronian, Collected works, vol. 10 (Հակոբ Պարոնյան, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/416

Այս էջը սրբագրված է

կը խփես ուրիշ լրագրաց հրատարակած ծանուցմանց, զորս մեր սուրբ կրոնի համաձայն չեմ գտներ ես։

Թերթ մը կը ծանուցանե, թե արժանապատիվ Հ․․․ Ս.․․ յան, որո բեմբասացության տաղանդն հանրածանոթ է՝ հառաջիկա կյուրակե այսինչ եկեղեցվույն մեջ քարոզ պիտի խոսի։

Լրագիր մը ազգ կընե, գերապատիվ Թ... Ճ․․․ յանն, որ եպիսկոպոսաց դասուն մեջ առաջին գիրքն կը գրավե, վաղը սուրբ պատարագ պիտի մատուցանե... թաղին եկեղեցվույն մեջ։

Լրագիր մը կը հրատարակե, թե այս ինչ ձայնավորն, որու ձայնն այնքան հավատացյալներ կը քաշե այս ինչ եկեղեցին, վաղվան համար հրավիրված է․․․ թաղին եկեղեցվույն մեջ ձայնավորություն ընելու։

Եվ այս ծանուցումներուն տակը հետևյալ տողերը կավելցնեն.

Կը հուսանք, թե բարեպաշտ ժողովուրդն այս առթիվ պիտի բարեհաճի յուր ներկայությամբն պատվել... թաղի եկեղեցին և յուր նվիրատվությամբն քաջալերել զայն։

Ահիվ և դողով կընթեռնում այս տողերն, որոց դուք բնավ կարևորություն չեք տար։

Կը տեսնեմ, թե ժողովուրդն թուլացած է այն ջերմ եռանդեն, որ նորա հատկանիշն էր, կը տեսնեմ, թե աղոթից տուներն ողբալի վիճակի մեջ կը գտնվին, կը տեսնեմ, թե Աստուծո տուներն կորուսած են իրենց արդն ու զարդն, և ծանուցմ անց կը դիմվի անոնց նպաստելու համար։

Կը սոսկամ, բայց չեմ քաշվիր ըսելու, թե այդ ծանուցմանց ետևն հետևյալ ծանուցումն կը նշմարիմ ես, Ներկայացումն ի նպաստ Աստուծո.՜.՜.՜

Ժողովուրդն եկեղեցի դիմելու է ոչ թե այն ինչ բեմբասացին քարոզին ունկնդիր լինելու համար միայն, այլ յուր խղճին, որ բոլոր ատենաբաններեն ավելի ազդու կը խոսի։

Ձեզ կըսեմ, սուրբ պատարագի խորհրդո վսեմությունն նորա պարզության մեջ է, և պետք չունի բնավ այս կամ այն եպիսկոպոսին ճիգերուն, զոր կը թափեն զայն ավելի վսեմացնելու թեթևությամբ։

Հավատքն միայն պարտի եկեղեցի առաջնորդել հավատացյալներն, և երաժշտություն մը մտիկ ընելու համար եկեղեցի գնացող ազգայիններն տարբերություն չունին անոնցմե, որք գեղեցիկ ձայներ լսելու համար թատրոններ կը դիմեն։